Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է

Կառավարության քննարկմանն է ներկայացվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այն ընդգրկված է կառավարության հունվարի 18-ի նիստի օրակարգում:

Նախագծով նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Հիմնավորման համաձայն, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

«Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումը:

Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը»,- ասված է հիմնավորման մեջ:

Միաժամանակ, մեկ այլ հարցով ՀՀ կառավարությունը կքննարկի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու հարցը:

Գործադիրը հունվարի 11-ի նիստում հաստատել էր երկու որոշման նախագիծ, որոնցով առաջարկվում էր ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Նախագծերով նախատեսվում է նաև մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը Հայաստան ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը. գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում