Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունվարի 18-ին հանդիպեց Թբիլիսիի քաղաքային խորհրդի (սակրեբուլո) նախագահ Գիորգի Տկեմալաձեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման սկզբում Գիորգի Տկեմալաձեն, ընդգծելով հայ-վրացական բազմադարյա եղբայրական հարաբերությունները, նշեց, որ խորհրդանշական է համարում, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում Վրաստանում հավատարմագրված դեսպաններից առաջինը հանդիպում է բարեկամ Հայաստանի դեսպանին:

Կողմերը քննարկեցին Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության խորացման և հարաբերությունների առավել ամրապնդման հնարավորություններն ու հեռանկարները։

Դեսպան Սադոյանն իր խոսքում նշեց, որ Վրաստանը և, մասնավորապես՝ Թբիլիսին, հայ զբոսաշրջիկների համար նախընտրելի ուղղություն է, որը տեսանելի էր նաև Նոր տարվա ժամանահատվածում։ Այդ համատեքստում դեսպան Սադոյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում Երևանն ու Թբիլիսին ունեն համատեղ նախագծեր իրականացնելու մեծ ներուժ՝ ավելացնելով, որ իր կողմից անհրաժեշտ ամեն ջանք կներդնի, որպեսզի և՛ այդ ներուժն օգտագործվի, և՛ Հայաստանը դառնա ցանկալի ուղղություն վրացի զբոսաշրջիկների համար։

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահն իր հերթին Հայաստանի դեսպանին ներկայացրեց այն ծրագրերն ու նախագծերը, որոնք իրականացվում են Թբիլիսիում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանի հետ սերտ կհամագործակցեն նոր նախաձեռնությունների և համատեղ նախագծերի կյանքի կոչման շուրջ։

Դեսպան Սադոյանը Գիորգի Տկեմալաձեին տեղեկացրեց, որ այս տարի քաղաքամայր Երևանը տոնում է իր հիմնադրման 2800-ամյակը, և հայկական կողմը ուրախ կլինի, որ Երևանին նվիրված տոնակատարություններին իր մասնակցությունը բերի նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում