Արցախը պետք է աշխատի բոլոր սպառնալիքները վերացնելու ուղղությամբ

Արցախը պետք է աշխատի բոլոր սպառնալիքները վերացնելու ուղղությամբ

Ադրբեջանի իշխող վերնախավում 30 տարի անց էլ սկզբունքորեն վերաբերմունք չի փոխվել. ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր նրանք չեն կարողանում մարսել Արցախի ինքնորոշման հարցը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով` այն, ինչ որոշվեց 1988 թվականին, մեկընդմիշտ է, հետևաբար պետք է աշխատել բոլոր ուղղություններով՝ պետականությունը ամրապնդելով, տնտեսությունը նաև ռազմական հիմքերի վրա դնելով, ժողովրդագրական վիճակը բարելավելով, զբաղվելով մշակույթի, կրթության հարցերով, դիվանագիտական, քաղաքական միջոցներով միջազգային հանրության մեջ գտնելով դաշնակիցներ, ուժեր, որոնք կարող են նաև օգնել՝ այս խնդիրը առաջ տանելու համար: «Ժամանակակից միջազգային հանրությունում խաղաղություն պարտադրելու բազմաթիվ տարբերակներ կան, և այս տեսանկյունից մենք գործ ենք ունենալու շատ ավելի կոմպլեքս քաղաքական իրավիճակի հետ:Հիբրիդային քաղաքականություն պետք է վարել»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայության վերջին զեկույցում լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորության մասին հայտարարությանը՝ Աշոտ Ղուլյանն ասաց, որ բազմիցս նման զգուշացումներ եղել են:

«Այն, որ բազմաթիվ անգամ այդպիսի զգուշացումներ եղել են, ցույց է տալիս տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակը, բայց չեմ էլ կարծում, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը պատրաստ է նման կարգի գործողությունների: Թե ինչպիսին կլինի իրադրությունը, դժվար է այսօր ասել. այն, որ մենք պետք է աշխատենք այդ բոլոր սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, դա միակ ճանապարհն է»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում