Արման Թաթոյանի համար անընդունելի կլինի Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելն

Արման Թաթոյանի համար անընդունելի կլինի Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ Երևանի ավագանու նիստերը դռնփակ չեն կարող լինել: Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը նշեց, որ նման կարգավորումը իր համար անընդունելի կլինի: «Մենք այդ հարցի վերաբերյալ հայտարարություն ենք տարածել, որում նշել ենք, որ ի գիտություն ենք ընդունել Երևանի քաղաքապետարանի հայտարարությունն այն մասին, որ ինչ կարգավորում էլ լինի, այն չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Նրա խոսքով` Երևանի ավագանու վերջին սկանդալային նիստից հետո իրենք լրագրողներին պետական մարմիններից օտարելու միտում են զգացել, ինչը որևէ կերպ չի կարելի թույլ տալ: «Մենք հստակ ձևակերպել ենք, որ լրագրողին երբեք չի կարելի ընկալել, որպես բարիկադի հակառակ կողմում գործող անձ: Լրագրողին պետք է վերաբերվել նրա ազնվության և բարեխղճության կանխավարկածով, որովհետև լրագրողը ունի օրենքին համապատասխան և բարեխղճությամբ գործելու կոչում: Լրագրողը կատարում է կարևոր հանրային գործառույթ: Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ հետաքրքրված է հասկանալ, թե պետական այս կամ այն գործառույթը ինչպես է իրականանում. վերջնական հասցեատերը քաղաքացին է, իսկ փոխանցողը` լրագրողը»,- ասաց նա:

Անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը` Արման Թաթոյանն ընդգծեց, որ այդ հարցի հետ կապված միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրություն են իրականացրել: «Գլխավոր խնդիրը հետևյալն է` հասարակությունը և լրագրողները պետք է ունենան մասնակցություն կառավարման գործերին, հարկավոր է առաջնորդվել մասնակցային կառավարման սկզբունքով: Երկրների ճնշող մեծամասնությունում գործադիրի նիստերի դռնբաց կամ ուղիղ հեռարձակմամբ հնարավորություն նախատեսված չէ: Մեր ուսումնասիրությունները հիմնված են նաև միջազգային կազմակերպությունների գնահատականների վրա: Սակայն այդ նույն կազմակերպությունները պետություններին հորդորում են մշակել հատուկ ֆորմատներ: Օրինակ` Լատվիան պայմանագիր է կնքել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողական հանրույթի հետ և նրանցից յուրաքանչյուրի հետ յուրաքանչյուր նիստից առաջ կամ հետո նախատեսում են ճեպազրույցներ և քննարկումներ, որոնց նպատակն է կոմպենսացնել կոնկրետ քննարկման ընթացքում փակ լինելը»,- մանրամասնեց Արման Թաթոյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում