Արտաքին քաղաքական հարցերում մարդիկ ամենաշատը Սերժ Սարգսյանի հետ են հույսեր կապում

Արտաքին քաղաքական հարցերում մարդիկ ամենաշատը Սերժ Սարգսյանի հետ են հույսեր կապում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանում տիրող իրավիճակը կարող է անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Ադիբեկյանն ասաց, որ Հայաստանի վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանը մեծ փորձառություն ունի արտաքին քաղաքականության մեջ: «Նա ճանաչված է, կարողանում է բանակցել, ճկուն քաղաքականություն է վարում»,-ասաց Ադիբեկյանը:

100 փորձագետի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ թե ներքին և թե արտաքին քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանը 95-տոկոսանոց հզորություն ունի: «Արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է հարցվածների 60%-ը, Կարեն Կարապետյանի հետ՝ 10%-ը»,նշեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արտաքին քաղաքական հարցերում հույսեր է կապում հարցվածների 30%-ը, ներքին տնտեսական հարցերում՝ 5%-ը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ էլ տնտեսական հարցերում հույսեր է կապում հարցվածների 25%-ը, արտաքին քաղաքական հարցերում՝ 10%-ը»,-նշեց նա:

Ադիբեկյանն ընդգծեց, որ Հայաստանում ավագանու անդամների, մարզպետների , նախարարների մեծամասնությունը հանրապետական կուսակցությանն են հարում:

«Հանրապետական կուսակցությունը ամուր հենք ունի, և, հետևաբար, նրա ղեկավարն էլ ավելի հզոր դեմք է»,-հավելեց սոցիոլոգը:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում