ՀՀ պաշտպանության նախարարը համոզված է, որ Փաշինյանն ի սկզբանե վարչապետի հետ պայմանավորվելու ցանկություն չուներ

ՀՀ պաշտպանության նախարարը համոզված է, որ Փաշինյանն ի սկզբանե վարչապետի հետ պայմանավորվելու ցանկություն չուներ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները չկայացան, քանի որ ընդդիմադիր գործչի մոտ պայմանավորվելու ցանկություն չկար:

Այս մասին նա ասաց պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ի սկզբանե ակնհայտ էր, որ տեսախցիկների առջև լուծում գտնելն ավելի բարդ է, քան վերջնագրեր ներկայացնելը, տեսախցիկի առջև միավորներ հավաքելը: Եթե նպատակն իրոք բանակցությունն էր, հանգուցալուծում գտնելն էր, դրա համար ի սկզբանե պետք էր այլ ձևաչափ գտնել: Կարծում եմ, որ իմ մեկնաբանությունը մի քիչ էլ արհեստական է, քանի որ պարոն Փաշինյանն ինքն ասաց, որ բանակցելու ցանկություն չունի, եկել է վերջնագիր ներկայացնելու: Իսկ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր, որովհետև թե՛ ես, թե՛քաղաքացիները պետք է շատ զարմանայինք, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, թե հանդիպման ողջ գաղափարն այն էր, որ կային բազմաթիվ հարցեր, որոնք պետք էր քննարկել: «Պետք էր հասկանալ, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից և որոնք կարող էին լինել լուծումները: Ի վերջո, այն, ինչ ասում է պարոն Փաշինյանը, այն, ինչ հնչեցրեց, կարծես թե, նախորդ օրվա իր ելույթում, որ կա արդեն գործողությունների որոշակի ծրագիր, թե վարչապետը գնում է, ժողովուրդն ընտրում է ժողովրդական վարչապետին՝ չգիտեմ ում նկատի ուներ: Եվ խորհրդարանն ինչպես պետք է ընտրեր այդ վարչապետին: Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորական մանդատի ազատությունն արդեն այդ պայմանով սահմանափակվում էր. պատգամավորը պարտավորվում էր գնալ և քվեարկել նրան, ում պարոն Փաշինյանը կհամարեր ժողովրդական վարչապետի թեկնածու: Այդպես չի լինում:

Հասկանո՞ւմ եք, եթե իշխանությունը ձևավորվեր այն սկզբունքով, թե ով ավելի շատ մարդ դուրս կբերի փողոց, երևի քաղաքակիրթ երկրները շուտվանից ընտրությունների համակարգը փոխարինած կլինեին հանրային հավաքների պրակտիկայով, և որ հրապարակում ավելի շատ մարդ հավաքվեր, նա էլ կնշանակվեր ժողովրդական վարչապետ: Հետո մեկը մի քիչ ավելի շատ մարդ կհավաքեր ուրիշ հրապարակում, վարչապետը կփոխվեր… Գուցե դա էլ ապագա ժողովրդավարության մեթոդներից մեկն է, սակայն այնքան էլ միանշանակ չէ գոնե ինձ համար»,- նշեց պաշտպանության նախարարը:

Նա անդրադարձավ Փաշինյանի առաջարկած գործողությունների հետագա ընթացքին՝ փաստելով, որ դրա կատարումը խիստ կասկածելի է: «Ենթադրենք ժողովրդական վարչապետը նշանակվեց խորհրդարանի կողմից ընտրվելու փոխարեն, այնուհետև նա պետք է ներկայացներ ծրագիր, որը, պարոն Փաշինյանի որոշմամբ, խորհրդարանը պետք է չհաստատեր: Կարծում եմ՝ մեկ մարդու համար այս ամենը որոշելը չափազանց շատ է, մանավանդ որ դրա տակ առկա ծրագիրը գոնե ինձ համար տեսանելի չէ: Լավ, չընդունեց, երկիրն այդ մի քանի ամիսն ինչո՞վ է ապրելու, ինչպե՞ս է կազմակերպելու իր ընթացակարգերը բոլոր ոլորտներում՝ պաշտպանությունից մինչև տնտեսություն: Ի վերջո, կարող է այն ծրագիրը, որը ցանկանում է բերել ժողովրդական վարչապետը, շատ ավելի անընդունելի է, քան գործող ծրագիրը: Այդ ամեն ինչը քննարկելու հարց է, այնպես չէ՞»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում