«Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները նրա ներքին գործն են, Ռուսաստանն ինչո՞ւ պետք է միջամտի». ՌԴ նախագահի խոսնակ

«Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները նրա ներքին գործն են, Ռուսաստանն ինչո՞ւ պետք է միջամտի». ՌԴ նախագահի խոսնակ

Կրեմլում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները նրա ներքին գործն են համարում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլն ապակայունացման վտանգ է տեսնում տարածաշրջանում՝ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող իրադարձություններին:

«Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, երկիր, որի հետ զարգանում են ամենասերտ հարաբերությունները, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Այդ պատճառով, իհարկե, մեզ համար չափազանց կարևոր է այդ երկիրը, այդ պատճառով մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձություններին»,- ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ տեղին չեն ներքաղաքական խնդիրների լուծման հարցում Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորության առնչությամբ հիպոթետիկ մտորումները:

 «Կրեմլի գծով ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ նախագահը վերջերս շփվել է, նա շնորհավորել է իր գրոծընկերներին ընտրության կապակցությամբ: Այդ պատճառով բարձրագույն մակարդակով այդ շփումները եղել են, բայց ինչ վերաբերում է խորհրդակցություններին՝ ես ձեզ չեմ կարող հստակ ասել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը դիմել է Մոսկվային խորհրդակցությունների կամ օգնության համար:

Հարցին, թե որ դեպքում է Մոսկվան պատրաստ միջամտել իրավիճակին, նա պատասխանել է՝ «Ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի»:

Ի պատասխան հստակեցնող հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե, օրինակ, Հայաստանը դիմի օգնության համար, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է. «Այստեղ բոլորովին անտեղի են հիպոթետիկ մտորումները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում