Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիա է

Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիա է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ակցիային միացել են նաև ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամները:

Ակցիայի մասնակիցները փակել են Երևանի քաղաքապետարանի դիմացի փողոցը, որի պատճառով կանգնած է երթևեկությունը՝ Արգիշտի և հարակից հատվածներում:

Լրագրողների հետ զրույցում ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջ իրենց խմբակցությունը ևս ներկայացրել է: «Գործնական պահանջի մասով մենք սպասում ենք խմբակցության մեր մյուս ընկերներին, որպեսզի կարողանանք նիստ անցկացնել և գործնական քայլերի մասին քննարկում իրականացնել»,-ասաց Խաժակյանը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի նոր թեկնածուին, «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ այն պետք է ընտրվի ավագանու անդամներից: «Ավագանու ՀՀԿ-ական որևէ անդամ, չեմ կարծում, թե նման բեռ իր վրա վերցնի: Մեր երկրում իրապես բան է փոխվել և այդ իրողությունների հետ պետք է հաշվի նստել»,-ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով՝ խմբակցությունը քաղաքապետի հրաժարականի հետ կապված գործնական հարցերը պետք է քննարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ, ովքեր այս օրերին զբաղված են նոր կառավարության ձևավորման հարցերով: «Քննարկումները պետք է մոտ ապագայում տեղի ունենան և որոշումները կայացվեն խմբակցության մակարդակով»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում