Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Արարողությունը կմեկնարկի ուղիղ կեսօրին: Արարողության ավարտից հետո նորապսակները շուրջ 25 րոպե մեքենայով կանցնեն քաղաքով:

Արքայական հարսանիքին հրավիրված է 1200 մարդ: Իսկ Վինձորի փողոցներում կանգնած սպասելու է շուրջ 10 հազար մարդ, ովքեր եկել են սեփական աչքերով տեսնելու նորապսակներին: Առաջին շարքերում կանգնելու համար շատերն անգամ գիշերել են այդտեղ:

Սուրբ Գեորգի մատուռում են հրավիրված հյուրերը, որոնց շարքում են նաև հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և նրա կինը՝ Սերենա Ուիլյամսը, Ջորջ և Ամալ Քլունիները, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլոք:

Ամուսնական երդման մեջ Մարկլը չի խոստանալու լսել ամուսնուն, իսկի արքայազն Հարրին որոշել է կրել ամուսնական մատանի, թեպետ ավանդույթի համաձայն արքայական ընտանիքում տղամարդիկ դա չեն անում:

Մեգան Մարկլին խորանի մոտ կուղեկցի ապագա սկեսրայր՝ արքայազն Չալզը, քանի որ նրա հայրը սրտի վիրահատության պատճառով չի կարողանա ներկա գտնվել հարսանիքին:

Հարսանիքից առաջ Հարրին ասել է, որ իրեն հանգիստ է զգում, իսկ Մարկլը հայտարարել է, որ հիանալի է զգում:

Նշենք, որ աֆրոամերիկյան արմատներ ունեցող հարսնացուն իր ընտրյալից մեծ է 3 տարով և նախկինում արդեն ամուսնացած եղել է:

Հարսանեկան ծախսերը թագավորական ընտանիքը կվճարի սեփական բյուջեից և միայն ընտանիքի անդամների ու հյուրերի անվտանգության ապահովման դիմաց կվճարվի պետական գանձարանից: Բրիտանական ԶԼՄ-ների գնահատականներով՝ հարսանիքը կարժենա շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար, որոնցից 40 միլիոնը կգնա անվտանգության պահպանմանը: Նշվում է, որ արարողությունը կհսկի 3000 ոստիկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում