Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի

Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կհարցաքննվի մոտ օրերս: Արդեն կա նշանակված ժամ և օր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ չցանկանալով, սակայն, քննության ընթացքից այլ տեղեկություններ հայտնել:

«Քննություն է ընթանում ու դրա հետ կապված որևէ տեղեկատվություն բացահայտելն այս պահին տեղին չէ, նաև հակասում է օրենսդրությանը: Ինչ վերաբերում է պարոն Օհանյանին ծանուցում ուղարկելուն, ապա այն ուղարկվել է հունիսի 12-ին, պարոն Օհանյանը հունիսի 13-ին հայտարարել է, որ ծանուցում չի ստացել: Հնարավոր է, որ հունիսի 12-ին ուղարկված ծանուցումը հունիսի 13-ին նա ստացած չլինի: Պարոն Օհանյանը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է մի կազմակերպության գործունեության առնչությամբ, որի հետ կապված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան: Եվ քանի որ դա եղել է Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ըստ Անանյանի, բնականաբար, նա ևս կանչվել է հարցաքննության: «Սովորական գործողություն է քրեական գործի շրջանակներում: Ի դեպ, նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի»,-հավելեց Դավիթ Անանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում