Փոփոխություն պահանջողը ես չեմ, հանրությունն է. Սուրեն Պապիկյանը` մարզերում ցույցերի մասին

Փոփոխություն պահանջողը ես չեմ, հանրությունն է. Սուրեն Պապիկյանը` մարզերում ցույցերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կարծում է՝ պարբերաբար կրկնվող ցույցերը քաղաքի բնականոն կյանքը խաթարում են, բայց, եթե դա հանրության ցանկությունն է, ինքը ոչինչ անել չի կարող: «Փոփոխություն պահանջողը ես չեմ, հանրությունն է, նա կարող է դա պահանջել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը: Նա նկատեց, որ ներկայում միայն Էջմիածին քաղաքում է ցույց, ուր պահանջում են գործող քաղաքապետի հրաժարականը:

Անդրադառնալով նորանշանակ պաշտոնյաների կողմից հնարավոր կադրային ջարդին՝ նախարարն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: Երբ լրագրողն օրինակ բերեց Շիրակի մարզպետին, ով իբրև հայտարարել է, որ պահակից մինչև մարզպետի տեղակալ փոփոխություններ է անելու, Սուրեն Պապիկյանն ասաց. «Կան հայեցողական պաշտոններ, որը մարզպետն իր հայեցողությամբ կարող է փոխել, դա իր աշխատակազմն է, մնացածը լինում է մրցութային կարգով: Այս պահին մրցույթներ անցկացվել չեն կարող, քանի որ փոփոխություն է տեղի ունենում նաև քաղծառայողի ինստիտուտում: Հուլիսի 1-ից հետո դա իրականացնել պարզապես հնարավոր չէ»:

Սուրեն Պապիկյանը նշեց նաև, որ նոր Հայաստանում գերակա է օրենքը, անկախ մարդու քաղաքական անցյալից, նրա նախկին կենսաձևից, չի կարող լինել մի պաշտոնյա, ով օրենքով իրեն չվերապահված իրավասություններ կունենա: Ցանկացած այդպիսի դեպք, նրա խոսքով, կպատժվի օրենքով սահմանված կարգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում