Դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ARMENPRESS: Դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Դատարանը կալանքի որոշում է կայացրել: Վաղը ժամը 12:00-ին ես և փաստաբանական խումբը մամուլի ասուլիսում մանրամասներ կներկայացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Օրբելյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությանը մասնակցել է նաև Քոչարյանը, ով դատարան է մտել հետնամուտքով: ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀայաստանիՀանրապետության սահմանադրական կարգը:

Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում