Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցի 26 երկրի ղեկավար

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցի 26 երկրի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցեն 26 պետության ղեկավարներ: ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը տեղեկացրեց, որ ներկայումս այդքան երկրների ղեկավարներ են հաստատել իրենց մասնակցությունը:

«Իրենց մասնակցությունն է հաստատել երկու փոխնախագահ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ: Դա այս պահի դրությամբ: Մենք դեռ ունենք գրանցման համար մի քանի օր ժամանակ, այս թիվը կարող է աճել: Իր բովանդակությամբ այս միջոցառումն իսկապես աննախադեպ է լինելու՝ կապված նաև Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրությամբ: Եթե համեմատենք Ֆրանկոֆոնիայի նախորդ միջոցառումների հետ, ապա կարող ենք ասել, որ այս միջոցառումը ներկայացուցչական առումով առանձնանում է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Լևոն Մինասյանը: Նա ընդգծեց, որ բավական ժամանակ է պետական կառույցները լուրջ աշխատանք են տանում, այնպես որ Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել բոլոր մասնակիցների այցելությունը:

ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը նշեց, որ ուրախանալ կարելի է այն վերաբերմունքից, որ կա գագաթաժողովի նկատմամբ Հայաստանի հասարակության լայն շրջանակներում:

«Կա ընկալում, որ ավելի շատ այս միջոցառումը կապվում է տոնակատարության հետ: Ասեմ, որ դա լիովին համապատասխանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության սկզբունքներին և արժեքներին: Այդուհանդերձ, կազմակերպությունն ունի իր բովանդակային հարցերը, խնդիրները: Այս առումով կուզենայի 3 բացվածք առանձնացնել՝ գագաթաժողովի արդյունքում ընդունվելու է երևանյան հռչակագիր, երկրորդը փաստաթուղթը լինելու է կոչ՝ «Ապրել միասին», երրորդն այն է, որ գագաթաժողովի ընթացքում ընդունվելու են բանաձևեր: Այս երեք բացվածքները միասին պետք է արտացոլեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա տարիների անելիքներն ու ծրագրերը»,-ասաց Վահագն Աթաբեկյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում