Թևան Պողոսյանը ԱԺ արտահերթ ընտրությունների հանգիստ քարոզարշավ է կանխատեսում

Թևան Պողոսյանը ԱԺ արտահերթ ընտրությունների հանգիստ քարոզարշավ է կանխատեսում

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը կանցնի հանդարտ և հանգիստ, ու բոլորը կկարողանան արտահայտել իրենց գաղափարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Ես կցանկանայի, որպեսզի մարդիկ ասեին՝ «ես այն վարչապետն եմ, ում առաջադրել է մեր քաղաքական ուժը ընտրությունների ժամանակ»: Կցանկանայի, որպեսզի լինեին վարչապետների թեկնածուների, կրթության, սոցիալական ոլորտների դեբատներ: Այսպիսով հնարավոր կլինի մի փոքր կանխատեսել, թե այս կամ այն կուսակցությանը ձայն տալով՝ ինչպիսի քաղաքական թիմ կձևավորվի»,- նշեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ քննարկումների առիթ դարձած «սևերի և սպիտակների» բաժանման գաղափարը, կարծես թե, դարձել է որոշ կուսակցությունների նախընտրական քարոզչական մոտեցումը:

«Որոշ կուսակցություններ կարծում են, որ այդպիսով գուցե ձևավորեն այնպիսի ընկալում, որ, օրինակ՝ իրենք իսկապես կլինեն ընդդիմություն կամ հենց իրենք ենք իսկական ընդդիմությունը: Կա քաղաքական կուսակցություն, որն իր վրա ցանկանում է տանել «սև»-ի գաղափարը, իսկ մնացածն առայժմ միայն խոսում են լավ ծրագրերից և մոտեցումներից: Ամեն ինչ պարզ կլինի նոյեմբերի 26-ից հետո»,– ընդգծեց Մարդկային զարգացման կենտրոնի նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ Թևան Պողոսյանը քաղաքական գործիչներին մաղթեց մշակել իրենց մոտեցումների նկարագիրը, որն իսկապես կխոսի իրենց ծրագրերի մասին:

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 9-ին կկայանան ԱԺ արտահերթ ընտրությունները: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում