Սեւանա լճում ձկնորսության արգելման խստացման ռեժիմը ուժի մեջ է մտել

Սեւանա լճում ձկնորսության արգելման խստացման ռեժիմը ուժի մեջ է մտել

ԳԱՎԱՌ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճում ձկնորսության արգելման ռեժիմի խստացումը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ, ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 20-ից եւ տեւելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 20-ը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Գեղարքունիքի մարզպետարանում այսօր կայացած մարզխորհրդի նիստում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մենք արդեն ստորագրել ենք քառակողմ հուշագիր՝ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ընդերքի եւ բնապահպանության տեսչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցությամբ, որի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 20-ը Սեւանա լճում խստացվում է ձկնորսության արգելքի ռեժիմը: Վերոնշյալ ժամանակահատվածում դադարեցվում է ամեն կարգի ձկնորսություն, Սեւանա լճից դուրս են բերվում բոլոր որսամիջոցները, արգելվում է ձկնորսների մուտքը դեպի լիճ: Հորդորում եմ բոլորիդ՝ տեղերում բացատրական աշխատանք տանելու միջոցով նպաստել արգելանքի ռեժիմի պահպանմանը: Հակառակ դեպքում օրինախախտները ստիպված կլինեն պատասխան տալ օրենքի առաջ»,- մարզխորհրդի անդամներին դիմեց Գեղարքունիքի մարզպետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում