Եվրոպական դատարանը ընդունել է Դեմիրթաշի գործով Թուրքիայի բողոքը

Եվրոպական դատարանը ընդունել է Դեմիրթաշի գործով Թուրքիայի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Panorama.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է Սելահաթթին Դեմիրթաշի գործով որոշման դեմ Թուրքիայի ներկայացրած բողոքը։ ՄԻԵԴ-ում տվյալ գործը նորից կքննվի։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։

2018թ․ նոյեմբերի 20-ի որոշմամբ ՄԻԵԴ-ը պահանջել էր Թուրքիայից՝ ազատ արձակել քրդամետ ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին: Նա արդեն շուրջ երկու տարի կալանքի տակ է գտնվում։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ Դեմիրթաշի կալանավորումն իրավաչափ չէ, ուստի հնարավորինս սեղմ ժամկետում նրան պետք է ազատել կալանքից:

Սակայն թուրքական դատարանը Դեմիրթաշի վճիռն անփոփոխ թողեց՝ հաշվի չնստելով ՄԻԵԴ-ի որոշման հետ։ Բացի այդ, Թուրքիան որոշման տարբեր հոդվածների դեմ առանձին բողոքներ է ներկայացրել եվրադատարան՝ հավելյալ ինքնապաշտպանության հնարավորություն պահանջելով։ Հնարավոր է, որ նոր դատական նիստ հրավիրվի։ Իսկ վերջնական որոշումը հայտնի կլինի 1 տարվա ընթացքում։

ՄԻԵԴ-ն իր վճռում ընդունել էր, որ Դեմիրթաշը ձերբակալվել է «ողջամիտ կասկածի հիման վրա», սակայն եզրակացրել էր նաև, որ խախտվել է կալանավորի՝ «ողջամիտ ժամանակահատվածում դատապարտման կամ էլ ըստ դատապարտման ընթացակարգի ազատ արձակման իրավունքը»:

Ըստ եվրադատարանի վճռի` Թուրքիան պետք է վճարեր 10.000 եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում և 15.000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը 2016թ․ նոյեմբերի 4-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր՝ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու, զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, խմբավորման օգտին հանցագործություն կատարելու մեղադրանքով։ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով Դեմիթաշին դատապարտել էր ազատազրկման 4 տարի և 8 ամիս ժամկետով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում