Ավագ շաբաթ. դժոխքի ավերում. հոգևոր խորհուրդն ու տոնի պատրաստությունը

Ավագ շաբաթ. դժոխքի ավերում. հոգևոր խորհուրդն ու տոնի պատրաստությունը

Հայ առաքելական սուրբ եկեղեցին ապրիլի 19-ին նշում է Ավագ շաբաթը: Օրվա խորհուրդը մեկնում է Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքը. «Շաբաթ օրը Տերը Մարմնով մնաց գերեզմանում, իսկ Հոգով իջավ դժոխք և ազատագրեց արդար ննջեցյալների հոգիները։ Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է Քրիստոսի հրաշափառ հարության կանխաճաշակման։ Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Ս. Պատարագ (սկիզբը ժ. 18.00-ին), երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը և վերջանում Մեծ Պահքը: Ս. Պատարագից հետո կատարվում է Ս. Հարության նախատոնակ, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»»։

 Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ժամը 17:30-ի երեկոյան ժամերգությանը կհաջորդի Ճրագալույցի Սուրբ Պատարագը’ պատարագիչն է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ապրիլի 20-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցիներում կմատուցվի պատարագ’ հիշատակ է Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի համայն հայ ժողովրդին:

Ավագ շաբաթվա երեկոն հայկական ընտանիքներում տոն է’ միմյանց ավետում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Ճրագալույցի երեկոյին ու հաջորդ օրը’ Զատկի տոնին, ընդունված է սեղանին բրնձով փլավ ունենալ. սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին: Կանաչեղենն ու ձկնեղենը եւս տոնի ուտեստների անբաժանելի մասն են: Պարտադիր է կարմիր ձուն ու կարմիր գինին: Եկեղեցականների մեկնությամբ’ ձվի կեղեւը տիեզերքն է, թաղանթը’ օդը, սպիտակուցը’ ջրերը, դեղնուցը’ երկիրը, իսկ վրայի կարմիր գույնը խորհրդանշում է, որ ամբողջ տիեզերքը փրկվել է Քրիստոսի արյամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում