ՆԱՏՕ-ն շանտաժի է ենթարկում Ռուսաստանին և նրա դաշնակիցներին.Բորդյուժա

ՆԱՏՕ-ն շանտաժի է ենթարկում Ռուսաստանին և նրա դաշնակիցներին.Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Առայժմ մենք դադարեցնում ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի այսօրվա դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի հետ կապված»,- նշել է Բորդյուժան:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն շանտաժի է ենթարկում Ռուսաստանին և նրա դաշնակիցներին:

«ՆԱՏՕ-ն այսօր շանտաժային գործողությունների է դիմում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների ողջ ճակատով՝ ցուցադրելով, թե իրենք չափազանց դժգոհ են վերջին ամիսներին Ռուսաստանի գործողություններից»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել է, որ դաշինքը մտադիր է լրացուցիչ զինվորական անձնակազմ տեղակայել՝ բարձրացնելով կազմակերպության երկրների մարտունակությունը և անցկացնելով զորավարժություններ, ինչպես նաև մտադիր է վերանայել պաշտպանության ծրագրերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադարձությունների պատճառով:

Բացի այդ ՆԱՏՕ-ն որոշել է մեծացնել Արևլյան Եվրոպայում օդային պարեկությունը և ռազմանավեր ուղարկել Բալթիկ և Միջերկրական ծով: ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից «անհրաժեշտ միջոցառումներ» իրականացնելու մասին:

Ռուսաստանը մշտապես իր մտահոգություններն է արտահայտել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման և Ռուսաստանի սահմանի մոտ նատօական սպառազինությունների տեղակայման կապակցությամբ: Արևելաեվրոպական երկրներում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու ՆԱՏՕ-ի մտադրությանն ի պատասխան Ռուսաստանը սպառնում է Կալինինգրադի տարածքում տեղակայել «Իսկանդեր» հրթիռային համակարգեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում