Հայ երեք նկարիչների գործերը մեկտեղվեցին «Քայլող հետքեր» ցուցահանդեսում

Հայ ժամանակակից նկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի տալլինյան աշխատանքները երկու շաբաթ կզարդարեն ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ցուցասրահը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին գրասենյակում բացվեց «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսը, որը նվիրված է ՄԱԿ-ի օրվան: Ներկայացված աշխատանքները նախատեսված են նաև վաճառքի համար:

Միջոցառման կազմակերպիչ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը նշեց, որ երեք նկարիչները աշխատել են Տալլինում և մարտի 1-ից և ապրիլի 10-ն Էստոնիայի ազգային գրադարանում ներկայացրել են այդ ժամանակահատվածում կատարած իրենց աշխատանքները։ «Քայլող հետքեր. հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագրով ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունցել, և այն որոշվել է ներկայացնել նաև Երևանում:

«Երեք նկարիչները աշխատեցին Տալլինի օֆսեթ տպագրության արվեստանոցներում և չորս շաբաթվա ընթացքում ստեղծեցին այս աշխատանքները: Այս ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ էր, և մենք փորձեցինք հնարավորություն ընձեռել հայ արվեստասեր հասարակությանը դիտել ցուցահանդեսը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սոնա Հարությունյանը: Նրա խոսքով՝ նկարիչների աշխատանքները կատարված են օֆսեթ լիտոգրաֆիայի, մոնոտիպիայի և օֆորտի տեխնիկայով։

Սոնա Հարությունյանը նշեց, որ ցուցահանդեսի «Քայլող հետքեր» անվանումը նկարիչներից մեկի՝ Տիգրան Կիրակոսյանի գաղափարն էր: «Հիմնադրամը հետամուտ է լինելու, որ այսպիսի նախաձեռնությունները շարունակական լինեն, որպեսզի մեր արվեստագետները հնարավորություն ունենան այցելել այլ երկրներ, այնտեղ աշխատեն և ամեն երկրում թողնեն իրենց հետքերը»,- շեշտեց նա:

Նկարիչ Տիգրան Կիրակոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երեք նկարիչները ներկայացրել են 16 աշխատանք:

Տալլինի ցուցահանդեսն անցկացվել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Էստոնիայի մշակույթի նախարարության և այդ երկրի կառավարության Մշակույթի հիմնադրամի հովանավորչական օժանդակությամբ` էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնացի գրաֆիկների ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում