ԻՊ-ն ազատ է արձակել առևանգված քուրդ աշակերտներից 25-ին

Սիրիայի ընդդիմադիր ակտիվիստները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» կազմակերպությունը ազատ է արձակել Քոբանի քաղաքի 25 քուրդ աշակերտի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԻՊ-ն մայիսի վերջին գերի էր վերցրել Քոբանի քաղաքի դպրոցների մեկի 150 քուրդ աշակերտի: Աշակերտների առևանգումը տեղի էր ունեցել նրանց դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին:

Տեղեկություններ չեն հաղորդվում այն մասին, թե ինչ պայմաններով է կազմակերպությունն ազատ արձակել աշակերտներին: Երեխաների առողջական վիճակը լավ է:

Քոբանի քրդաբնակ քաղաքն ավելի քան 40 օր է հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է վերահսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Շարունակվող բախումների զոհ են դարձել ավելի քան 800 մարդ, որոնցից 481-ը ԻՊ-ի անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներկայացուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով զոհերը: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի են դիմել դեպի Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում