Զանգվածային ծեծկռտուք Ստամբուլում. WBC Silver գոտու մենամարտն ավարտվել է ադրբեջանական արմատներով բոքսերի վրա հարձակմամբ
Կարդացեք նաև
Ստամբուլում կայացած պրոֆեսիոնալ բոքսի երեկոն, որի շրջանակում գերծանր քաշային կարգում մենամարտել են թուրք բոքսեր Ումութ Չամկըրանը և ադրբեջանական արմատներ ունեցող, Ֆրանսիան ներկայացնող Մուրադ Ալիևը, ավարտվել է զանգվածային խառնաշփոթով և ռինգում տեղի ունեցած բախմամբ: Հայտնի միջադեպը գրանցվել է շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, Աթաշեհիր շրջանում գտնվող «Ülker Sports Arena» մարզահամալիրում:
Տասներկուռաունդանոց լարված և հավասար պայքարից հետո մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է Ալիևին: Չնայած Չամկըրանը մենամարտի վերջնամասում ուժեղացրել էր ճնշումը, սակայն այս պարտությունը կարիերայում առաջինն էր 37-ամյա թուրք մարզիկի համար, ով մինչ այդ անցկացրած բոլոր 25 մենամարտերում (23-ը՝ նոկաուտով) հաղթանակ էր տարել և նպատակ ուներ մոտենալ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մղվող մարտին: Մուրադ Ալիևը, ով երկու անգամ արժանացել էր WBC International Silver տիտղոսին, ռինգ էր դուրս գելիս 15 հաղթանակով և 1 պարտությամբ:
Մրցավարական որոշման հրապարակումից անմիջապես հետո իրավիճակը կտրուկ սրվել է։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ալիևը մոտեցել է պարանոցներին և տրիբունաների ուղղությամբ կատարել մի ժեստ, որը տեղի հանդիսատեսն ու մամուլը որակել են որպես ծաղրական և սադրիչ: Այդ ամենից հետո մի խումբ երկրպագուներ ճեղքել են անվտանգության պատնեշը, բարձրացել ռինգ ու հարձակվել հաղթող մարզիկի վրա, ինչի հետևանքով, ըստ որոշ աղբյուրների, նա ծեծի է ենթարկվել:
Միջադեպը վայրկյանների ընթացքում դուրս է եկել ռինգի սահմաններից՝ վերածվելով ամբողջ դահլիճը պատած զանգվածային ծեծկռտուքի, որտեղ մարդիկ հավաքվել, վազվզել են և նույնիսկ աթոռներ նետել միմյանց վրա: Միևնույն ժամանակ, ամերիկյան TotalProSports պորտալը դեպքերի սկիզբն այլ կերպ է նկարագրում՝ նշելով, թե մենամարտի ավարտին Ալիևը փորձել է գրկել մրցակցին, սակայն Չամկըրանը հրաժարվել է, ինչից հետո սկսված բանավոր վիճաբանության ժամանակ թուրք մարզիկը հարվածել է նրա դեմքին, ինչին հետևել է պատասխան արձագանքն ու ընդհանուր քաոսը:
Մարզական երեկոյի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են Ահմեդ Օների Arena Boxing ընկերությունը՝ RMO Boxing-ի, ProBox TV-ի և Չամկըրանի երկարամյա պրոմոուտեր Բիրոլ Տոպուզի հետ համատեղ: Տեղական մամուլն արդեն իսկ լուրջ հարցեր է բարձրացնում անվտանգության ապահովման բացթողումների վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարողացան երկրպագուներն անարգել հասնել ռինգին: Կազմակերպիչները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը, և հայտնի չէ նաև, թե արդյոք WBC-ն կքննարկի այս միջադեպը:
Ուշագրավ է, որ թուրքական մամուլում մարզիկի ազգային պատկանելության լուսաբանումը տարբեր կերպ է մատուցվում. մինչ որոշ պարբերականներ (օրինակ՝ Sözcü-ն) գրում են բացառապես ֆրանսիացի բոքսերի մասին, SON TV-ն վերնագրում ընդգծել է նրա «ադրբեջանական ծագումը»: Այս մոտեցումը լրագրողները կապում են վերջին շրջանում Բաքվի և Անկարայի միջև առկա տեղեկատվական լարվածության ֆոնի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում