Վրաստանը ԵՄ-ից ներողություն է ակնկալում իշխանության տապալման փորձին աջակցության համար․ Պապուաշվիլի

Վրաստանը ԵՄ-ից ներողություն է ակնկալում իշխանության տապալման փորձին աջակցության համար․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին  հայտարարել է, որ վրաց հասարակությունը Եվրամիությունից ակնկալում է ներողություն իշխանության տապալման փորձին աջակցության համար, այլ ոչ թե քննադատություն

«Եթե ճիշտ եմ հասկանում, տիկին Կալլասը և տիկին Կոսը ներողություն չեն խնդրում իրենց մամուլի խոսնակի կողմից կառավարությունը տապալելու համար կազմակերպված հանրահավաքին ցուցաբերած աջակցության համար, որի արդյունքում Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ վիրավորվեց 25 ոստիկան։ Սա է այն, ինչ այսօր վրացական հասարակությունն ակնկալում է Եվրամիությունից։

Վրաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականի վերաբերյալ ես կրկին կոչ եմ անում ԵՄ բոլոր ներկայացուցիչներին զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց, որոնք մոլորեցնող են և սնուցում են արմատական ​​ուժերի ձգտումը՝ խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգանքը», – գրել է Պապուաշվիլին։

Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատու էր համարել ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու համար:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը կոչ է արել Վրաստանում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի համատեղ հայտարարության մեջ։ Դիվանագետները հավելել են, որ ԵՄ-ն կտրականապես մերժում և դատապարտում է «Վրաստանում Եվրամիության դերի մասին ապատեղեկատվությունը» և դատապարտում է ԵՄ դեսպանի դեմ անձնական հարձակումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում