Եվ թող այդ խոսքը դառնա մեր բոլորի սրտերի ամուր ապավեն․ Տեր Վրթանես
Կարդացեք նաև
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է․
«Հին կտակարանյան ապստամբությունից մինչև մերօրյա հակաեկեղեցական ոգին
«Ով խոնարհվում է Տիրոջ առաջ, նա պիտի բարձրացվի» (Հակ. 4:10)
Աշխարհի բոլոր ժամանակներում Եկեղեցին ոչ միայն Սուրբ Հոգու շունչն է կրում, այլև մշտապես բախվում է մարդու հպարտության ալիքներին։ Թվում է՝ դարերն են անցել, բայց նույն ոգին՝ որը հնում Մովսեսի օրերին վեր բարձրացավ Կորխի, Դաթանի և Աբիրոնի շուրթերով, այսօր էլ հանդես է գալիս տարբեր կերպարներով՝ երբեմն քաղաքական խոսքի, երբեմն «ազատ մտածողության», երբեմն էլ՝ սառնասրտորեն քողարկված բարեպաշտության տեսքով։
Հին Կտակարանում, Թվոց գրքում (Թվեր 16), տեսնում ենք դրամատիկ մի դրվագ․ Կորխը՝ Ղևիի ցեղից, և նրա կողմնակիցներ Դաթանն ու Աբիրոնը դուրս են գալիս Մովսեսի ու Ահարոնի դեմ՝ ասելով.
«Բոլորն են սուրբ, և Տերը նրանց մեջ է։ Ինչո՞ւ եք բարձրանում Տիրոջ ժողովի վրա»։
Թվում էր՝ նրանք արդարացի էին խոսում՝ հավասարության և ժողովրդավարության ոգով։ Սակայն իրականում նրանց խոսքի արմատը հպարտությունն էր։ Նրանք չհամաձայնեցին Աստծո հաստատած կարգին և առաջնորդությանը։
Մովսեսը չպաշտպանեց ինքն իրեն. նա խոնարհվեց Տիրոջ առաջ, և Տերն Ինքը ցույց տվեց Իր ընտրությունը։ Երկիրը բացեց իր բերանը և կուլ տվեց ապստամբներին։ Այդ օրը բոլորին պարզ դարձավ՝ հակառակվել Աստծո կարգին նշանակում է հակառակվել Ինքը՝ Աստծուն։
Այսօր Կորխի անունը քչերն են հիշում, բայց նրա ոգին հաճախ է բորբոքվում ոմանց մեջ։ Այն ապրում է այնտեղ, որտեղ հպարտությունը փորձում է կասկածի առնել եկեղեցական կարգը, մերժել հոգևոր առաջնորդությունը, կամ ծաղրել սրբությունը՝ ազատախոհության անվան տակ։
Մեր օրերի հակաեկեղեցականները հաճախ ասում են նույն խոսքերը՝ այլ ձևով․
«Բոլորս ենք հավասար, ինչո՞ւ է պետք քահանա, ինչո՞ւ առաջնորդ, ինչո՞ւ կարգ և կանոն»։
Բայց Եկեղեցին ժողովրդական միավորում չէ, այլ աստվածահաստատ մարմին։ Ինչպես մարմինը չի կարող առանց գլխի գոյատևել, այնպես էլ Եկեղեցին առանց իր առաջնորդների և քահանաների՝ առանց մեօրյա մովսեսների ու ահարոնների, կկորցնի իր կենդանի շունչը։
Եկեղեցու զավակի ազատությունը հնազանդության մեջ է, ոչ թե` ընդդիմության։ Մովսեսի օրերին Տերը ցույց տվեց՝ ով է Իր հետ, իսկ այսօր էլ նույն կերպ հաստատում է Իր Սուրբ Եկեղեցին։ Հոգևոր կարգը սահմանված չէ իշխելու համար, այլ ծառայելու․
«Ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, թող լինի ձեր սպասավորը» (Մտթ. 20:26)։
Հենց այդ պատճառով՝ ով հնազանդվում է եկեղեցական կարգին, նա հնազանդվում է Աստծուն։ Իսկ ով խախտում է այդ կարգը՝ նա, թեկուզ անգիտությամբ, կրկնում է Կորխի հպարտ քայլը։
Այսօր Կորխի և Դաթանի ոգին արտահայտվում է ոչ թե անապատում, այլ` սոցիալական ցանցերում, վերլուծական հարթակներում և նույնիսկ «կրոնական կարծիքների» անվան տակ։
Երբ մարդը, առանց հավատքի խոր գիտակցության, փորձում է դատել քահանայի, եպիսկոպոսի կամ ամբողջ Եկեղեցու վրա՝ նա իրականում պայքարում է ոչ թե մարդկանց, այլ Սուրբ Հոգու ներգործության դեմ։
Եվ ինչպես այն ժամանակ երկիրը բացվեց ու կուլ տվեց ապստամբներին, այնպես էլ այսօր ճշմարտությունն է բացվում՝ բացահայտելով հակառակության դատարկությունը։
Կորխին, Դաթանը և Աբիրոնը թող լինեն ոչ թե պատմական հիշողություն, այլ` հոգևոր զգուշացում։ Հպարտությունը, երբ շպարված է արդարության խոսքերով, դառնում է ամենավտանգավոր փորձությունը։
Մեր օրերում, երբ շատերն են խոսում Եկեղեցու դեմ, հավատացյալ մարդը կոչված է մեկ այլ ճանապարհի՝ աղոթքի, հնազանդության և սիրո ճանապարհին։ Որովհետև ինչպես ասաց Տերը․
«Ես պիտի շինեմ Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մտթ. 16:18)։
Եվ թող այդ խոսքը դառնա մեր բոլորի սրտերի ամուր ապավեն։
Եթե համամիտ եք, ապա գերե’ք` Ամեն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում