ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար. Ռոբերտ Քոչարյան

ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար. Ռոբերտ Քոչարյան

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հին աշխատակարգը փլվել է, նորը ձևավորվում է։ Ամենահետաքրքիրն այն է, որ Միացյալ նահանգներն ապամոնտաժում է այն աշխարահակարգը, որը հենց ինքն էլ ձևավորել է։ Սա արձանագրված է ԱՄՆ նոր հայեցակարգով։

«Բավականին հետաքրքիր փաստաթուղթ է։ ԱՄՆ-ն ընդունում է, որ աշխարհն այլևս բազմաբևեռ է, հրաժարվում են գաղափարական հեգեմոնիայից։ Հետաքրքիր արձանագրում, որ հիմնական հակառակորդն այսօր Չինաստանն է, մյուս արձանագրումը, որ Ռուստաստանի հետ պատրաստ են և տեսնում են հնարավորություն՝ կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ կառուցելու։ Եվրոպացիների համար արձանագրումը նվաստացուցիչ էր, որ Եվրոպան դեգրադացվում է»,- նշել է Քոչարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հարավային Կովկասի մասին որևէ նշում չկա, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն այստեղ չունեն շահեր՝ ոչ տնտեսական, ոչ անվտանգային։

«Այդ փաստաթղթում զրո հիշատակում Հարավային Կովկասի մասին, սա նշանակում է, որ ԱՄՆ-ն այստեղ չունի ֆունդամնետալ շահեր ոչ տնտեսական, ոչ էլ անվտանգային։ Սա է իրականությունը»,-ասել է նա։

Այս գործընթացներում ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Նախկին նախագահի գնահատմամբ, աշխարհը հիմա շատ ավելի վտանգավոր է։

«Հայաստանը պետք  է անի ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար։ Անցած անգամ նման ձևակերպումն եմ տվել, հիշեցնեմ՝ հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավը օվկիանոս չի հանում՝ չվտանգելու համար և նավը, և անձնակազմը, սա ուղղակի վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը»,-նշել է նա։

Անդրադառնալով «Թրիփփ»-ի ծրագրին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դա հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։

Նա նշել է, որ այս ֆորմատով ծրագրում հայկական շահ չի երևում. «Հայաստանը նույնիսկ այստեղ կողմ չէ, դարձել է կիսակողմ։ Ընդհանրապես, տրանզիտային ուղիներն ունեն երկու գործոն, մեկը՝ աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով կոնտրոլի տակ է պահում, իսկ երկրորդը տնտեսական է։ Հիմա ԱՄՆ-ին այդ ազդեցություն տալը նշանակում է, որ աշխարհաքաղաքական  գործոնը զրոյացվել է»։

Ըստ Քոչարյանի, ԱՄՆ-ն այս ծրագրում 0 տնտեսական շահ ունի: Միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին ԱՄՆ-ը փորձում է հայ-իրանական սահմանը վերցնել վերահսկողության տակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում