«Մանչեսթեր Սիթի»` դժգոհությունների չեմպիոնը

«Մանչեսթեր Սիթի»` դժգոհությունների չեմպիոնը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի` ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը բողոք ներկայացրեց ՈւԵՖԱ-ին` պահանջելով պատժել ռուս լրագրողներից մեկին, ում անունը չի հրապարակվում: Անգլիական ակումբում պնդում են, որ ռուս լրագրողը խաղից հետո միտումնավոր երգել է «քաղաքաբնակների» սկզբունքային հակառակորդ «Մանչեսթեր Յունայթեդին» նվիրված երգ: Սա «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության ոչ առաջին և ոչ, հավանաբար, վերջին դժգոհությունն է:

Բողոքներ ռասիզմի համար

Սա այս ակումբի ֆուտբոլիստների ամենահայտնի դժգոհությունն է: Տարվա մեջ ամենաքիչը մեկ անգամ ՈւԵՖԱ-ն նամակ է ստանում, որով «Մանչեսթեր Սիթին» պահանջում է կարգավորել տարբեր թիմերի երկրպագուների ռասիստական դրսևորումները: 2012 թվականին թիրախում «Պորտուի» երկրպագուներն էին: «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները վստահեցնում էին, որ «Դրագաու» մարզադաշտի տրիբունաներից խաղի ամբողջ ընթացքում Յայա Տուրեի ու Մարիո Բալոտելլիի հասցեին վիրավորանքների տարափ է թափվել: Ուշագրավ է, որ պատասխան խաղից հետո «Պորտուն» էր բողոքում նույն պատճառով:

2013 թվականի աշնանը տեղի ունեցավ «բանակայինների» երկրպագուների ու Յայա Տուրեի միջև հայտնի պատմությունը: Անցյալ ամռանն էլ «Մանչեսթեր Սիթիի» և «Ռիեկայի» երիտասարդական թիմերի խաղի ժամանակ ռասիստական դրսևորումներ եղան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բողոք ավելորդ երկրպագուների համար

Այս տարի ԲԿՄԱ-ն և «Մանչեսթեր Սիթին» առանց հանդիսատեսի խաղացին, սակայն ընդդիմանալու համար պատճառ գտնվեց: Անգլիացիներն այս անգամ դժգոհեցին այն բանից, որ անկախ ՈւԵՖԱ-ի վճռից` մի քանի հարյուր երկրպագու կարողացել էր տեղավորվել «Խիմկի Արենայում» և հետևել խաղին` երկրպագելով ռուսական ակումբին:
«Այդ 360 մարդիկ, ովքեր հրավիրված էին ՈւԵՖԱ-ի կողմից, այսպես կոչված «Չեմպիոնների ակումբն» էր: Եթե նրանք բոլորը ԲԿՄԱ-ի երկրպագուներ են, ապա այդ հարցով պետք է ՈւԵՖԱ-ին դիմել»,-հայտարարեց ռուսական թիմի մեդիա-տնօրեն Սերգեյ Ակսենևը:

Բողոքներ մրցավարներից

Եվրոպայում ընդունված չէ պաշտոնապես բողոքել մրցավարներից, բայց «Մանչեսթեր Սիթին» միշտ ավելի է հակված նկատել մրցավարի այս կամ այն սայթաքումը: Անցյալ տարի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բարսելոնայի» դեմ խաղից հետո (0:2, 1:2) Մանուել Պելլեգրինին չվարանեց մեղադրել մրցավարներին: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչը հայտարարեց, որ պետք չէր խաղը վստահել այն մրցավարին, ով անցյալում արդեն սխալվել է` կատալոնացիների մրցակցի օգտին որոշում կայացնելով: Ըստ նրա մրցավարները փորձել են այդ կերպ ներողություն խնդրել կատալոնացիներից: Իսկ ԲԿՄԱ-ից կրած վերջին պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հիսթերիա սարքեց` «ամբողջ աշխարհը մեր դեմ է» թեմայով: Նա ակնարկում էր, որ ՈւԵՖԱ-ն չի ցանկանում «քաղաքաբնակներին» տեսնել ՉԼ-ի եզրափակիչ փուլում:

Բողոք ֆինանսական FAIR PLAY-ի համար

Աշխարհի ամենաշռայլ ակումբներից մեկը չէր կարող չբողոքել ֆինանսական fair play-ի համար: Ակնարկներ կան, որ ՈւԵՖԱ-ի այդ ծրագիրն ուղղված է առավելապես «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին այս տարվա սեպտեմբերին հուզմունքով հայտարարեց, որ Ալվարո Նեգրեդոյից պատրաստվում են բաժանվել ակումբի վրա դրված սահմանափակումների պատճառով::

Բողոքներ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունից

Ակումբի ղեկավարները ևս չեն վրիպում ֆուտբոլիստների աչքից: Յայա Տուրեն անցյալ գարնանն իսկական սկանդալ սարքեց այն բանի համար, որ ղեկավարությունը չէր շնորհավորել իր տարեդարձը: Հետո խոսակցություններ եղան, իբրև իրականում այդ ամենը ոչ թե տոնական տորթի, այլ պայմանագրի դադարեցման միտմանն էր ուղղված:

Բողոքներ Բալոտելլիի դեմ

Մարիո Բալոտելլին ևս «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին բողոքելու առիթ տվեց: 2012-ին Մարիոն անընդհատ աչքի էր ընկնում ոչ սպորտային պահվածքով: Ֆուտբոլիստների համբերության բաժակը լցրեց իտալացու` «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Սոնգի ոտքին հարվածելու համար ստացած 9-խաղյա որակազրկումից: Դրանից հետո մի խումբ ֆուտբոլիստներ այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին հորդորեցին ավելի խիստ լինել Մարիո Բալոտելլիի հետ, ով հենց սկանդալների պատճառով էլ լքեց «քաղաքաբնակների» շարքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում