Քանի դեռ կա Էրատոն, չի լինելու եռատոն․ Աշոտ Երկաթ

Քանի դեռ կա Էրատոն, չի լինելու եռատոն․ Աշոտ Երկաթ

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն(Երկաթ) անազատությունից գրում է․ ««Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա։

Գարնանային գեղեցիկ գիշեր է իջել զոնի վրա: Տղերքը քնած են, ամեն մեկն իր երազանքների հետ, իր կարոտների հետ, իր ծրագրած անելիքների հետ: Ես՝ էլի նստած նառին, աչքերս հառած դիմացի պատին, մտածում եմ ցերեկվա զրույցի մասին, որ վթարով դատապարտված մի դատապարտյալ ասում էր.

-Դե ժողովրդի մի մասը խալաստոյ քցած ապրում ա առանց մտածելու, առանց մտահոգվելու, մի մասն էլ իրենք իրենց ուտում են, որ փրկեն այս երկիրը, որ թուրքն ու ազերը չուտեն:

Այս մտքերի մեջ էի, մեկ էլ դուռը բացվեց ու ներս մտան սպարապետ Վազգեն Սարգսյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանը: Երբ ներս մտան, ես վեր թռա տեղիցս, բայց սպարապետը լուռ մնալու ժեստ արեց ու հասկացրեց, որ նստեմ:

Նստեցի նառին, իրենք էլ նստեցին դիմացի պատի տակ դրված իշաոտնուկ նստարանին: Ուզեցի հարցնել՝ ի՞նչ կա չկա, որ մտքերը հասկանամ, բայց գեներալը աչքով արեց  ու  գլխով ցույց տվեց սպարապետին՝ հասկացնելով, որ սպարապետն է խոսելու։ Աչքերս հառել եմ իրենց ու նկատում եմ, որ շատ լարված են, հոգնած  ու մտահոգ: Մեկ էլ սպարապետը պոռթկաց․

– Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում ու մենք հաղթելու ենք, որովհետև իրականում ոչինչ չի պատահել։ Թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր և մենք էլ նույն մենք ենք: Ուղղակի տարբերությունը կայանում է մի բանում, որ այս անգամ թշնամին մեր ներսից է: Դու իմ խոսքերը փոխանցիր ժողովրդին ու մեր զինակից ընկերներին: Երբ որ վերևում հանդիպենք, ամեն մարդ իր արածի համար պատասխան պիտի տա։ Գեներալն այդ պահին սիգարետի ցելոֆանի մեջ ոլորած մի քսիֆ փոխանցեց ինձ ու մինչև ուշքի կգայի, իրենք դուրս եկան։ Շվարած նստեցի նառին ու կարդացի գեներալի փոխանցած քսիֆը:

«Քանի դեռ կա Էրատոն,

Չի լինելու եռատոն»։

Վա՛յ, սպարապետ ջան, վա՛յ, գեներալ ջան…

Էէ՛հ, ժողովու՛րդ ջան, տղե՛րք ջան, ես ձեզ փոխանցեցի սպարապետի ու գեներալի ասածը, մնացածը ձեր խղճին։

Դու այս ի՞նչ արեցիր, ա’յ տղա, այս ի՞նչ արեցիր:

Սյունյաց հոգևոր թեմի ատեապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ

Աշոտ Հրանտի Մինասյան «Երկաթ»»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում