Պարսից ծոցից նավթի արտահանումը վերականգնվել է նախապատերազմական մակարդակի 75%-ին․ Bloomberg
Կարդացեք նաև
Չնայած արտահանման ծավալների աճին՝ Հորմուզի նեղուցով փոխադրումները դեռևս մնում են անկայուն։
Պարսից ծոցի երկրներից նավթի արտահանումը վերականգնվել է նախապատերազմական մակարդակի մոտ 75%-ին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ վերջին երեք օրերի ընթացքում տարածաշրջանից օրական արտահանվել է գրեթե 13 միլիոն բարել նավթ։
Միաժամանակ գործակալությունը նշում է, որ արտահանման աճի զգալի մասը պայմանավորված չէ նոր մատակարարումների լիարժեք վերականգնմամբ։ Խոսքը հիմնականում վերաբերում է այն բեռներին, որոնք պատերազմի, ծովային շրջափակման և երթուղիների փակման հետևանքով ամիսներ շարունակ մնացել էին տանկերներում։
Bloomberg-ի տվյալներով՝ շուրջ 13 նավթատար տանկեր լքել են Չաբահարի շրջանը՝ տեղափոխելով ընդհանուր առմամբ 23 միլիոն բարել նավթ, որը երկար ժամանակ չէր կարողանում հասնել շուկա։
Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցով նավթի հոսքերը շարունակում են մնալ նախապատերազմական միջին ցուցանիշի մոտ մեկ երրորդի մակարդակում՝ օրական շուրջ 5 միլիոն բարել։
Արտահանման կայունությունն ապահովելու նպատակով Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները շարունակում են օգտագործել այլընտրանքային երթուղիներ։ Էր-Ռիյադը նավթն արտահանում է Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգիստի միջոցով, իսկ Աբու Դաբին՝ Ֆուջեյրա նավահանգիստի ուղղությամբ՝ Օմանի ծոցով։ Այս երթուղիները թույլ են տվել խուսափել արտահանման ամբողջական փլուզումից Հորմուզի նեղուցի փակման ժամանակ։
Փորձագետների կարծիքով՝ այժմ հիմնական հարցն այն է, թե արդյոք տարածաշրջան կվերադառնան նոր նավթատարներ՝ թարմ բեռներ ստանալու համար։ Առայժմ, համաձայնության ձեռքբերումից հետո, Պարսից ծոցից դուրս եկած տանկերների թիվը զգալիորեն գերազանցում է այնտեղ մուտք գործած նավերի քանակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում