ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ուկրաինային հատկացնել 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն․ Politico
Կարդացեք նաև
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները նախատեսում են հայտարարել նոր սպառազինության մատակարարումների և պաշտպանական արտադրության ընդլայնման մասին։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտադիր են Ուկրաինային տրամադրել 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն և պահպանել առնվազն նույն ծավալի աջակցությունը նաև հաջորդ տարի։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով դաշինքի դիվանագիտական աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 7-8-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի անդամները կհայտարարեն սպառազինության մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրերի և պաշտպանական արտադրության ընդլայնման ծրագրերի մասին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում առաջնորդները վերահաստատելու են հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին, որը վերաբերում է կոլեկտիվ պաշտպանությանը, ինչպես նաև Ռուսաստանը կրկին բնութագրելու են որպես դաշինքի անվտանգության երկարաժամկետ սպառնալիք։
Politico-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի աջակցության այս նախաձեռնությանը, որը հիմնականում իրականացվելու է եվրոպական դաշնակիցների կողմից։
Հռչակագրի նախագծում եվրոպական երկրները նաև պարտավորվում են մեծացնել սեփական ներդրումը մայրցամաքի պաշտպանության գործում՝ ներդրումներ կատարելով հեռահար հարվածային համակարգերի, հակաօդային պաշտպանության միջոցների և անօդաչու սարքերի զարգացման ու արտադրության ոլորտներում։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Իրանին։ Փաստաթղթի նախագծի համաձայն՝ ՆԱՏՕ-ի երկրները կոչ են անելու Թեհրանին ապահովել Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը և վերահաստատելու են իրենց դիրքորոշումը, ըստ որի՝ Իրանը չպետք է ձեռք բերի միջուկային զենք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում