Ռամոս. Մոուրինյո՞ն… Ես «Սելտայի» նախագահի մասին ասելիք չունեմ

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի ցանկացել մեկնաբանել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` իր հասցեին ուղղված հայտարարությունը: 

«Չելսի» հարձակվող Դիեգո Կոստայի և կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի` Իսպանիայի հավաքականի հրավերը առողջական պատճառներով մերժելու և Բելառուսի, Գերմանիայի հավաքականների հետ խաղերին չմասնակցելու վերաբերյալ Ռամոսը հայտարարություն էր արել` կասկածի տակ դնելով վերոնշյալ ֆուտբոլիստների անկեղծությունը: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր չէր եկել իր նախկին սանի հայտարարությունը, և պորտուգալացի մասնագետը պատասխան հարված էր տվել.

«Ռամոսը լավ ֆուտբոլիստ է, բայց բժիշկ չէ: Ոչ ոքի հետ չեմ պատրաստվում վիճել, սակայն չեմ կարծում, որ վերջին տարիներին Ռամոսը բժշկական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել և կարող է հստակ խոսել այս թեմայի վերաբերյալ»,-ասել էր Մոուրինյոն:

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի` «Մալագայի» հետ խաղից հետո լրագրողները Ռամոսին խնդրել են մեկնաբանել Մոուրինյոյի հայտարարությունը, ինչին իսպանացի ֆուտբոլիստը տվել է հետևյալ պատասխանը.

«Մոուրինյո՞ն… Ես «Սելտայի» նախագահի (Կարլոս Մոուրինյո- խմբ.) մասին ասելիք չունեմ»,-մեջբերված է «AS»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում