Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան

Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․ «Թեզ 1. «Այս գործընթացը կաթողիկոսի դեմ է և ոչ թե՝ եկեղեցու»

ՓԱՍՏԱՐԿ․ Անձնական վարկաբեկումների արշավը լոկ քարոզչական քող է՝ թիրախավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի լեգիտիմությունն ու հեղինակությունը, որպեսզի ներսից կաթվածահար արվի և քանդվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ ինքնակառավարման համակարգն ու ազգի հոգևոր դիմադրողականությունը:

Մասնավորապես.

Եկեղեցաբանական տեսանկյունից․ Հնարավոր չէ տարանջատել Եկեղեցու տեսանելի միասնությունը նրա նվիրապետական առաջնորդից։ Ինչպես նշում են սուրբ հայրերը, որտեղ եպիսկոպոսն է, այնտեղ է Եկեղեցին։ Կաթողիկոսը սոսկ վարչական պաշտոնյա չէ, այլ Եկեղեցու նվիրապետական կառույցի, միասնության ու հաջորդականության գլխավոր մարմնավորումը։ Ուստի, հարձակումը Գահակալի դեմ ուղղակի հարձակում է հենց Եկեղեցու հաստատության դեմ։

Անձնական վարկաբեկումը մանիպուլյացիոն թակարդ է, որն օգտագործվում է որպես ինստիտուտի քանդման գործիք. Ցանկացած կառույց ներսից թուլացնելու և քանդելու համար առաջին հերթին թիրախավորում ու վարկաբեկում են դրա ղեկավարին։ Շրջանառվող անձնական, կենցաղային բնույթի և չապացուցված մեղադրանքները նպատակ ունեն հանրության աչքում կոտրելու հեղինակությունը ոչ միայն անհատի, այլև այն Աթոռի, որը նա ներկայացնում է, որպեսզի հետագայում հեշտ լինի հարվածել հենց Եկեղեցուն։

Համակարգային հալածանքի ապացույցները. Փաստերը ցույց են տալիս, որ գործընթացը կապված չէ մեկ անձի հետ. եթե խնդիրը միայն Կաթողիկոսը լիներ, պետությունը չէր թիրախավորի ողջ կառույցը՝ դպրոցներից հեռացնելով «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից միակողմանի վերացնելով հոգևոր առաջնորդության ինստիտուտը, իսկ քրեակատարողական հիմնարկներից՝ հեռացնելով հոգևոր սպասավորներին։ Սրանք ոչ թե անձնական հաշվեհարդարի, այլ Եկեղեցու ազդեցությունը հանրային կյանքից համակարգված կերպով դուրս մղելու քայլեր են։

Կանոնական կարգի տապալման վտանգը. Եթե հանրային կամ քաղաքական ճնշմամբ հնարավոր լինի փոփոխություն պարտադրել Եկեղեցու ներսում, ապա կխախտվի Հայ Եկեղեցու դարավոր կանոնական կարգը։ Սա նախադեպ կստեղծի, որ ցանկացած հաջորդ Կաթողիկոս կամ եկեղեցական ղեկավարություն լինի խոցելի և կախվածության մեջ ընկնի տվյալ պահի աշխարհիկ իշխանության քմահաճույքներից, ինչը կվերացնի Եկեղեցու անկախությունը։

ԱՅՍՊԻՍՈՎ․ Հարվածելով Եկեղեցու նվիրապետական առաջնորդին՝ թիրախավորվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգն ու ազգային-հոգևոր ինքնությունը։

Սուրբ Գիրքը ցույց է տալիս մի ընդհանուր հոգևոր սկզբունք. «Կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն» (Զաքարիա 13:7, Մատթ. 26:31): Քրիստոսի Եկեղեցում «․․․եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12:26-27)»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում