Մարմարա ծովում թուրքական երկու նավ է բախվել․ որոնողափրկարարական խոշոր գործողություն է ընթանում

Մարմարա ծովում թուրքական երկու նավ է բախվել․ որոնողափրկարարական խոշոր գործողություն է ընթանում

Չորեքշաբթի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Մարմարա ծովում՝ Սիլիվրիի ափամերձ հատվածում, բախվել են թուրքական դրոշի ներքո նավարկող երկու առևտրային նավեր։

Ստամբուլի նահանգապետարանի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Կոջաելիից Ալիաղա ընթացող «ALSU» բեռնատար նավի և Իսկենդերունի նավահանգստից դեպի Կարադենիզ Էրեգլի շարժվող «TUĞBERK İMAMOĞLU» առևտրային նավի միջև։

Դեպքի վայր են ուղարկվել Ափամերձ անվտանգության գլխավոր տնօրինության, Մարմարայի ու նեղուցների տարածաշրջանային ափամերձ պահպանության հրամանատարության բազմաթիվ ծովային ստորաբաժանումներ, ինչպես նաև փրկարարական ուղղաթիռ։

«ALSU» նավի նախնական զննությամբ տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, իշխանությունների հաղորդմամբ՝ «TUĞBERK İMAMOĞLU» նավի և նրա անձնակազմի 10 անդամների հետ կապը մինչ այժմ վերականգնել չի հաջողվել։

Կորած նավի և անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ինչպես ծովում, այնպես էլ օդային ուժերի ներգրավմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում