ԱՄՆ-ում 2 տարվա ազատազրկման են դատապարտել ՀՀ քաղաքացուն․ պատժամիջոցները շրջանցելով ապրանք է հասցրել ՌԴ
Կարդացեք նաև
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքի դաշնային դատարանը Հայաստանի քաղաքացի Կամո Կիրակոսյանին դատապարտել է 2 տարի 2 ամսվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել Հայաստանի տարանցմամբ ԱՄՆ-ից Ռուսաստան ապրանքների ապօրինի արտահանման նպատակով դավադրությանը մասնակցելու համար։
Ըստ դատախազության տվյալների՝ 2022-ից 2024 թվականներին Կիրակոսյանը հանդես է եկել որպես ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների կեղծ գնորդ՝ թաքցնելով դրանց իրական ստացողին՝ ռուսական «Վակուում.րու» ընկերությանը։
Հետաքննության տվյալներով՝ նա իրականացրել է գնումների երկու հաջողված դրվագ՝ Matrix կոմուտացիոն մոդուլի և փոշեպատման թիրախների ձեռքբերում, որոնք այնուհետև վերավաճառվել են ռուսական կողմին։ Եվս մեկ փորձ՝ կիսահաղորդիչների արտադրության մեջ կիրառվող LSC-4000 մաքրման համակարգ ձեռք բերելու, եղել է անհաջող։ Հաջողված գործարքների համար Կիրակոսյանը ստացել է ավելի քան 2000 դոլարի եկամուտ։
Կիրակոսյանը ձերբակալվել էր Գերմանիայում 2024 թվականի հուլիսին, իսկ 2025-ի օգոստոսին արտահանձնվել էր ԱՄՆ-ին։ Սա վերջին չորս տարվա ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի քաղաքացու՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար դատապարտման առաջին դեպքն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում