Դատարանը 1 ամսով երկարաձգեց Արթուր Սարգսյանի կալանքը
Կարդացեք նաև
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթացող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ «արդարների» գործով նիստն անցել է լարված մթնոլորտում։ Դատարանը որոշում է կայացրել Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս 1 ամսով, ինչին դահլիճում ներկաները բացասական են արձագանքել։
Մինչ որոշման հրապարակումը, գործով ամբաստանյալ Արթուր Սարգսյանն իր ելույթում դատավորին հեգնանքով առաջարկել էր կալանքը երկարաձգել միանգամից վեց ամսով՝ ամեն ամիս նույն ընթացակարգը չկրկնելու համար։
«Արդեն մեկ տարի 2 ամիս է այս դահլիճում տեղի են ունենում ապօրինություններ, կալանքներ։ Այս պահին ես ու Բագրատ սրբազանը կալանքի մեջ ենք։ Այսօր Վահագն Չախալյանը կալանքից ազատվեց։ Այս ամեն ինչը տեսնելով՝ վերջին հանգամանքի հետ կապված առ այն, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու և Սահմանադրական դատարանի այն որոշումը, որ պատգամավոր ընտրվելուց հետո պետք է ազատ արձակվի, դա էլ անտեսվեց։ Այդ ամենը հաշվի առնելով՝ այստեղ ոչ փաստաբանները ասելիք ունեն, ոչ՝ ես։ Ընդամենը ես մի միջնորդություն ունեմ, հարգարժան դատարան, միանգամից 6 ամիս կալանք տվեք, ամեն անգամ էլ չլարվեք, սենց ամիսը մեկ ամեն նիստին չլարվեք»,- հայտարարել էր Սարգսյանը։
Չնայած պաշտպանական կողմի բարձրացրած հարցադրումներին, այդ թվում՝ պատգամավորական անձեռնմխելիության և ՍԴ որոշման վերաբերյալ փաստարկներին, դատարանը շարունակում է կալանքի տակ պահել գործով մեղադրյալներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում