Լազարե Ջորբենաձեի մահվան գործով բանտում հարցաքննվել է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Լազարե Ջորբենաձեի մահվան հանգամանքների քննության շրջանակում իրավապահ մարմինների աշխատակիցները սեպտեմբերի 3-ին Ռուսթավիի թիվ 12 բանտում հարցաքննել են Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։
Ջորբենաձեն հրապարակավ քննադատում էր գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Սրա հետ կապված՝ Ղարիբաշվիլին ավելի վերջերս նամակ էր հրապարակել, որում կասկածի տակ էր դրել իրավապաշտպանի մահվան պաշտոնական վարկածը՝ ինքնասպանությունը։
Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո գործով դատախազ Մեդեա Ցիրամուան և Ղարիբաշվիլիի փաստաբան Նաթիա Թամազաշվիլին հանդես են եկել հայտարարություններով։
Դատախազության պնդմամբ՝ Ջորբենաձեի մահվան վերաբերյալ Ղարիբաշվիլիի հայտնած կասկածները չունեն ուղղակի փաստացի հիմք։ Դատախազը հայտնել է, որ նախկին վարչապետը քննությանը որևէ նոր կամ էական տեղեկություն չի տրամադրել։ Նրա խոսքով՝ հարցաքննությունը ցույց է տվել, որ Ղարիբաշվիլին դեպքի անմիջական վկա չէ և կոնկրետ փաստերի չի տիրապետում, այլ հենվել է միայն մամուլի հրապարակումների վրա։
Փաստաբան Նաթիա Թամազաշվիլին պարզաբանել է, որ Ղարիբաշվիլիի մոտ հարցեր են առաջացել Asaval-Dasavali թերթում լրագրող Դիտո Չուբինիձեի հոդվածին ծանոթանալուց հետո, որտեղ Ջորբենաձեն քննադատել էր Կոբախիձեին։ Իմանալով իրավապաշտպանի մահվան մասին՝ նախկին վարչապետը համադրել է փաստերն ու հանրային հարցադրումներ արել։ Պաշտպանական կողմի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին նպատակ չի ունեցել հայտնել անհայտ աղբյուրների մասին, այլ ներկայացրել է իր կասկածները։
Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին 2026 թվականի հունվարին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերի ապօրինի եկամուտների օրինականացման մեղադրանքով՝ կնքելով մեղքի ընդունման համաձայնագիր։ Օգոստոսի 24-ին նրան առաջադրվել է երկրորդ մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու հատկանիշներով (750 հազար դոլարի մասով), որը նա չի ընդունում։
Գործի շրջանակում հարցաքննվել են նաև «Փոփոխությունների համար» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան, վերլուծաբան Գիա Խուխաշվիլին և մի շարք ակտիվիստներ։ Իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչներ Խաթիա Դեկանոիձեն, Թազո Դատունաշվիլին և լրագրող Նանուկա Ժորժոլիանին հրաժարվել են ներկայանալ ոստիկանություն՝ համաձայնելով ցուցմունք տալ միայն դատարանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում