«Սուտ է»․ Սյուզի Բադոյանը հայտնում է, թե ինչպես է Սուրեն Պապիկյանը հերքում Սյունիքի միջադեպերը
Կարդացեք նաև
Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում ադրբեջանական առաջխաղացման փորձերի շուրջ աղմուկը նոր թափ է ստանում։ Լրագրող Սյուզի Բադոյանը սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած հանդիպման ու զրույցի մանրամասները․
«Դուք Կոռնիձորի թեման եք քննարկում, իսկ ՊՆ Սուրեն Պապիկյանը երկու րոպե առաջ ճապոնական ռեստորանից դուրս եկավ շատ անվրդով, գոյացած փորով ու դեմքով՝ կնոջ ու ձագուկների հետ՝ շրջապատված թիկնազորի մի շարք աշխատակիցներով, որոնք զգաստացան իմ մոտենալով ու արագ փորձեցին հաստլիկ նախարարին տեղավորել ամենագնացի մեջ։
Ես, իհարկե, կնոջն ու ձագերին հարգելով, առանց նկարահանելու մոտեցա ու հարցրի
– Կոռնիձորով թշնամու զորքի առաջխաղացման թեման ինչ հիմքով եք հերքել, ախր գյուղապետն է ասել։
Պապիկյանը նայեց աչքերիս մեջ ու ասաց․
– Սուտ է, մենք հերքել ենք։
Ասացի․
– Հենց նոր «Առավոտ» օրաթերթը Կոռնիձորի գյուղապետի ձայնագրությունն է դրել, լսե՞լ եք։
Կրկնեց նորից․
– Ասում եմ՝ սուտ է։
Ասացի․
– Ուրեմն ինքը պիտի հերքեր, բայց ապարատն է աշխատել իր փոխարեն։
Թե բա․
– Այո, գյուղապետարանը հերքել է։
Այդ վայրկյաններին արագ փորձեցին իմ անձնական ծանր տեղեկությունը ճշտել․
– Պարոն Պապիկյան, հերքո՞ւմ եք նաև Սյունիքի դիրքերից մեկում օրեր առաջ թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումը, որի մասին, ի դեպ, զեկուցվել է Ձեզ։
Պապիկյանն այս հարցիցս հետո ավելի լարվեց ու կիսաձայն՝ թե բա․
– Հերքում եմ։
Ու մեքենան պոկվեց տեղից՝ դուռը երեսիս փակելով։ Իսկ ի՞նչ մոտիվացիա ուներ Կոռնիձորի ղեկավարը, որ ստեր, թե թշնամու զորքն այսօր եկել էր հայկական գյուղեր մտնի, ու դիմադրել է հայկական զորքը լեզվակռվով․ ախր ինչո՞ւ պիտի ստեր։
Այս հարցս օդում հնչեց․ ամենագնացը շարժվեց՝ ՄԱՕ-ի կերակուրներով կոշտացած նախարարին՝ յուր ընտանիքի հետ տանելով»։
Լրագրող Սյուզի Բադոյանի ներկայացրած այս ուղղակի խոսքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում սահմանամերձ բնակավայրերից հնչող ահազանգերի և պաշտոնական հայտարարությունների միջև առկա խոր հակասությունները, երբ պատասխանատուները նախընտրում են կարճ հերքումներով փակել հանրային հնչեղություն ունեցող հարցերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում