«Գողացված» արվեստի թեզ․ Բաքուն փորձում է Ինտերպոլի միջոցով յուրացնել Դադիվանքի հայկական սրբությունները

«Գողացված» արվեստի թեզ․ Բաքուն փորձում է Ինտերպոլի միջոցով յուրացնել Դադիվանքի հայկական սրբությունները

Ադրբեջանական կողմը հերթական քարոզչական քայլն է ձեռնարկել Արցախի պատմամշակութային ժառանգության դեմ․ Բաքուն հայտարարել է, թե Դադիվանքի վանական համալիրից տեղափոխված որմնանկարներն ու խաչքարերը 2025 թվականի հոկտեմբերին ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում, և որ դրանց հայտնաբերման դեպքում պահանջելու է վերադարձնել Ադրբեջանին։

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայկական կողմին մեղադրել է 2020 թվականին Քարվաճառից հեռանալուց առաջ Դադիվանքը «թալանելու» մեջ՝ պնդելով, թե վանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր, իսկ որոշ որմնանկարներ հանվել են պատերից։

Դադիվանքը Արցախի կարևորագույն միջնադարյան հայկական վանական համալիրներից է, որի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1214 թվականին Արզու Խաթուն իշխանուհու կողմից և կրում է ընդարձակ հայերեն արձանագրություններ, որմնանկարներ ու խաչքարեր։ 2020 թվականի պատերազմից հետո, մինչև Քարվաճառի հանձնումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր, որ Դադիվանքի մի շարք նշանավոր խաչքարեր ու հոգևոր արժեքներ տեղափոխվել են Հայաստան՝ դրանց ոչնչացումը կանխելու և պահպանության նպատակով։

Հայ հոգևորականները ռուս խաղաղապահների ներկայությամբ ծառայությունը շարունակել են վանքում մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման պայմաններում մատուցվել է վերջին պատարագը։

Այժմ Բաքուն փորձում է այդ փրկված արժեքները ներկայացնել որպես «գողացված»։ Սակայն իրավական տեսանկյունից Ինտերպոլի տվյալների բազայում որևէ առարկայի գրանցումն ինքնին չի հաստատում սեփականության իրավունքը և չի հանդիսանում անկախ ապացույց, որ դրանք ապօրինի են տեղափոխվել։

Ադրբեջանի այս հայտարարությունները հնչում են Դադիվանքի հայկական ինքնությունը ժխտելու և այն որպես «աղվանական» ներկայացնելու պետական քաղաքականության համատեքստում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նման պնդումները բազմիցս որակել է որպես ակնհայտ կեղծարարություն և հարձակում հայկական պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում