«Կամ վարձակալական շահագործումը կավարտվի, կամ՝ կառավարությունը կընկնի»․ Մադրիդում վրանային քաղաք է տեղադրվել

«Կամ վարձակալական շահագործումը կավարտվի, կամ՝ կառավարությունը կընկնի»․ Մադրիդում վրանային քաղաք է տեղադրվել

«Կամ վարձակալական շահագործումը կավարտվի, կամ՝ կառավարությունը կընկնի»․ այս վճռական կարգախոսով Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում մեկնարկել է անժամկետ բողոքի ակցիա։ Կիրակի առավոտյան Իսպանիայի մայրաքաղաքի սրտում արդեն տեղադրվել էր շուրջ 150 վրան, և ցուցարարների թիվն ժամ առ ժամ ավելանում է։ Շաբաթ երեկոյան բնակարանային ճգնաժամի լուծման պահանջով բազմահազարանոց երթից հետո ակտիվիստները որոշել են գիշերել հրապարակում՝ ձևավորելով ինքնակազմակերպվող վրանային քաղաք։

Քաղաքացիական գվարդիան և Նացիոնալ պոլիցիան հերթապահություն են իրականացնում հրապարակում, սակայն որևէ միջադեպ չի արձանագրվել։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ ապահովված են սննդի ու ջրի անհրաժեշտ պաշարներով և պատրաստ են պայքարը շարունակել առաջիկա օրերին։

Բողոքի ալիքի անմիջական առիթը դարձել է 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի վտարումը Ռետիրո շրջանի իր վարձակալած բնակարանից, որտեղ նա ապրել էր 70 տարի։ Այս դեպքը, որն արդեն ստացել է «Մարիկարմենի էֆեկտ» անվանումը, դարձել է բնակարանային ճգնաժամի դեմ պայքարի կայծը՝ Իսպանիայի 40 քաղաքներում փողոց դուրս բերելով տասնյակ հազարավոր քաղաքացիների «Ոչ մի Մարիկարմեն այլևս» կարգախոսով։ Շաբաթ օրվա բողոքի երթին, ըստ կազմակերպիչների, մասնակցել է մինչև 300 000 մարդ (պաշտոնական տվյալներով՝ 25 000)։

Մադրիդի վարձակալների սինդիկատի (Sindicato de Inquilinas e Inquilinos de Madrid) ներկայացուցիչները պահանջում են, որ կառավարությունն առաջիկա երեքշաբթի հաստատի բնակարանային հատուկ դեկրետ, որը նախատեսում է վարձավճարների սառեցում։ Սինդիկատում փաստաթուղթն արդեն անվանել են «Մարիկարմենի դեկրետ»։ Ցուցարարները զգուշացնում են․ եթե դեկրետը չընդունվի, կառավարող ձախ կոալիցիայի մաս կազմող «Sumar» դաշինքը պետք է քննարկի կառավարությանը հրաժարական պարտադրելու հարցը։

Իրավիճակին անդրադարձել են նաև քաղաքական հայտնի գործիչները։ «Podemos» կուսակցության հիմնադիր Պաբլո Իգլեսիասը հայտարարել է, որ Մարիկարմենը կարող է դառնալ իսպանական Ռոզա Պարկսը, իսկ «Podemos»-ի ներկայացուցիչներ Իրեն Մոնտերոն և Իոնե Բելարրան պահանջել են բռնագրավել ֆոնդերին պատկանող 650 000 բնակարանները և դրանք փոխանցել սոցիալական վարձակալության ֆոնդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում