Թուրքիան բանակցում է Ս-400 համակարգերի վերաարտահանման շուրջ․ Անկարան սպասում է գործարքի ավարտին
Կարդացեք նաև
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է բանակցությունները Ռուսաստանից գնված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վերաարտահանման (ռեէքսպորտի) շուրջ։ Թուրքական TRHaber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆիդանը նշել է, որ թուրքական կողմը բանակցությունների վերջնական արդյունքների մասին կհայտարարի դրանց ամբողջական ավարտից հետո։
Այս հայտարարությանն անմիջապես արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան պաշտոնապես չի դիմել Մոսկվային՝ Ս-400 համակարգերը երկրի տարածքից դուրս տեղափոխելու թույլտվություն ստանալու համար։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ այդ զինատեսակների վերաարտահանումն անհնար է առանց ռուսական կողմի պաշտոնական համաձայնության։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Անկարան Մոսկվայի հետ կնքեց 2,5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր, որով ձեռք բերեց Ս-400 համակարգերի չորս դիվիզիոն։ Այս գործարքը լուրջ ճգնաժամ առաջացրեց Վաշինգտոնի հետ հարաբերություններում, ինչի հետևանքով ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրեց F-35 հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծման բազմամիլիարդանոց ծրագրից։ Անցյալ ամռանը թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Անկարան դիտարկում էր ռուսական համակարգերը Կատարին կամ Միացյալ Արաբական Էմիրություններին վերավաճառելու տարբերակը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում