«Արդարացում չունեցող կոպիտ սխալ»․ Թաթա Սիմոնյանը դատապարտել է սեպտեմբերի 27-ին Հ1-ով իր համերգի հեռարձակումը
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի և հազարավոր նահատակների հիշատակի օրը, Հանրային հեռուստաընկերության եթերում Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրումը լուրջ աղմուկ ու հանրային դժգոհություն է բարձրացրել։ Ստեղծված իրավիճակին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում արձագանքել է հենց երգիչը։
Թաթա Սիմոնյանը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ անդրադարձել է տեղի ունեցածին․
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ․ սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը։ Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը։ Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ։ Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»։
Հանրության շրջանում արդեն իսկ տեսակետներ են հնչում, որ հեռուստաընկերության կողմից հեղինակային իրավունքների կամ բարոյական նորմերի նման խախտումից հետո հույս կա, որ Թաթա Սիմոնյանը չի սահմանափակվի միայն հայտարարությամբ և դատարան կտա Հանրային հեռուստատեսությանը՝ իր անունն ու վարկանիշը նման զգայուն օրը քաղաքական ու եթերային անպատասխանատվության թիրախ դարձնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում