«Պատրաստ ենք անգամ «դատաստանի օրվա» պատերազմի»․ Իրանի ԱԳՆ ղեկավարն արձագանքել է ԱՄՆ-ի սպառնալիքներին
Կարդացեք նաև

Իրանը լիովին պատրաստ է թե՛ դիվանագիտական բանակցությունների և թե՛ Միացյալ Նահանգների հետ նոր ռազմական բախման, սակայն Վաշինգտոնի կողմից ագրեսիայի ցանկացած նոր ալիք կրկին անարդյունավետ է լինելու։ Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք լիովին պատրաստ ենք, եթե սկսվի ագրեսիայի նոր փուլ։ Մենք դիմակայելու ենք ցանկացած ագրեսիայի, նույնիսկ եթե դա լինի «դատաստանի օրվա» պատերազմ։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք նաև դիվանագիտական բանակցությունների։ Ընտրությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է»,- ընդգծել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։
Արաղչին շեշտել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածների վերսկսման դեպքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական հակամարտությունը որևէ արդյունքի չի հանգեցնի։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իրանը պատրաստ է հարցի դիվանագիտական կարգավորմանը, սակայն միայն այն պայմանով, եթե Վաշինգտոնն ընդունի իրանական կողմի ներկայացրած յոթ կետից բաղկացած ծրագիրը։
Այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում չի բացառել Իրանին հասցվող հարվածների վերսկսումը մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Հարցին, թե հնարավոր են արդյոք նոր հարվածներ մինչ ընտրությունները, Թրամփը կարճ արձագանքել է․ «Դա հնարավոր է»։
Ավելի վեր Wall Street Journal պարբերականը գրել էր, որ Սպիտակ տունը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը նոյեմբերյան ընտրություններից հետո։ Միևնույն ժամանակ, կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Թրամփը հայտարարել էր, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ակնկալում է Իրանի հետ բանակցությունների նոր փուլ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում