87-ամյա կնոջ վտարումը ոտքի է հանել Իսպանիան. Կառավարությունը բնակարանային արտակարգ դեկրետներ է ընդունել

87-ամյա կնոջ վտարումը ոտքի է հանել Իսպանիան. Կառավարությունը բնակարանային արտակարգ դեկրետներ է ընդունել

Իսպանիայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին հաստատել է բնակարանային ոլորտին վերաբերող երկու արտակարգ դեկրետ, որոնք մինչև 2030 թվականը երկարաձգում են վտարումներից պաշտպանությունը, արգելում են ներդրումային հիմնադրամների կողմից սպեկուլյատիվ գնումները և նախատեսում են վարձակալության պայմանագրերի ավտոմատ երկարաձգում։

Այս որոշումներն ընդունվել են համազգային բողոքի ակցիաների ճնշման տակ, որոնք բռնկվել էին 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի վտարումից հետո։ Թոշակառուն 70 տարի բնակվում էր Մադրիդի Ռետիրո շրջանի իր բնակարանում։ Սեպտեմբերի 23-ին ոստիկանությունը կոտրել էր դուռը, իսկ տարեց կնոջը պատգարակով դուրս էին բերել և տեղափոխել հիվանդանոց։ Տեսարանի կադրերը տարածվել էին ողջ երկրով մեկ՝ առաջացնելով հանրային մեծ վրդովմունք։

Սեպտեմբերի 26-ին «Ոչ մի Մարիկարմեն այլևս» կարգախոսով բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի 40 քաղաքներում։ Մադրիդում ցուցարարները վրանային ճամբար են հիմնել Պուերտա դել Սոլ հրապարակում։

Իրավիճակի պատճառը 1994 թվականին ընդունված վարձակալության մասին օրենքն է։ Բնակարանի պայմանագիրը դեռևս 1956 թվականին կնքել էր Մարիկարմենի հայրը։ 2005 թվականին մոր մահից հետո իրավունքները փոխանցվել էին Մարիկարմենին, ով ամսական վճարում էր շուրջ €500։ Սակայն 1994 թվականի օրենքով երկրորդ փոխանցման դեպքում պայմանագիրը գործում է ընդամենը երկու տարի, եթե ժառանգորդի հաշմանդամության աստիճանը ցածր է 65%-ից (Մարիկարմենի դեպքում այն 50% է)։ 2018 թվականին շենքի նոր տերը՝ Urbagestion ընկերությունը, դատական հայցով հասել էր պայմանագրի լուծարմանը։

Զանգվածային ճնշման արդյունքում Urbagestion-ը համաձայնել է Մարիկարմեն Աբասկալի հետ կնքել նոր պայմանագիր 8 տարի ժամկետով, որի վարձավճարը չի գերազանցի նրա եկամտի 30%-ը։ Չնայած սրան՝ ցուցարարները շարունակում են նստացույցը՝ պահանջելով համակարգային փոփոխություններ։ Կառավարության ընդունած դեկրետների վերջնական ճակատագիրը կորոշվի հոկտեմբերի 2-ին Կոնգրեսում կայանալիք քվեարկությամբ, որտեղ մի շարք քաղաքական ուժեր արդեն հայտարարել են դրանց դեմ քվեարկելու մտադրության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում