Կառավարությունը հաստատել է կես միլիարդ եվրոյի նոր վարկային ծրագիրը

Կառավարությունը հաստատել է կես միլիարդ եվրոյի նոր վարկային ծրագիրը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում հաստատել է շուրջ կես միլիարդ եվրոյի նոր վարկային ծրագրի ներգրավման նախագիծը։ Այն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ՝ վերջինիս հետ առաջիկայում ստորագրվելիք քաղաքականության աղյուսակին համապատասխան։

Բյուջետային աջակցության այս միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։ Քանի որ նախագիծը հանդիսանում է բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր, այն չի ենթադրում համաֆինանսավորում ՀՀ պետական բյուջեից և լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում տվյալ տարվա բյուջետային օրենքով չնախատեսված ծախսերի մասով։

Վարկավորման հիմնական պայմանների համաձայն՝ վարկի ընդհանուր գումարը կազմում է 250 միլիոն եվրո, որին ավելանում է ԱԶԲ-ի կողմից համաֆինանսավորումը՝ մինչև 250 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։ Վարկը տրամադրվելու է 20 տարի ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ։ Մայր գումարի մարումն իրականացվելու է 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին։

Տոկոսադրույքի մասով Վարկառուին ընտրության հնարավորություն է տրվում լողացող և ֆիքսված տարբերակներիմիջև։ Լողացող տոկոսադրույքը հաշվարկվում է 6-ամսյա EURIBOR-ին գումարած 2.3% մարժա (սեպտեմբերի 11-ի դրությամբ այն կազմել է 5.120%): Ֆիքսված տոկոսադրույքը կարող է սահմանվել 3 միլիոն եվրոյից ավելի մասհանման հայտերի դեպքում, ընդ որում՝ Վարկառուն կարող է սպասարկումն առաջարկվող լողացող դրույքից անվճար վերափոխել ֆիքսվածի։

Ծրագրով նախատեսված են նաև մի շարք հավելյալ վճարներ, այդ թվում՝ վարկի գումարի 0.5%-ի չափով միանվագ գնահատման վճար, 0.5% միանվագ կոմիսիոն վճար, ինչպես նաև չմասհանված գումարի նկատմամբ տարեկան 0.5% պարտավորության վճար՝ ստորագրումից 6 ամիս անց։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը կսահմանվի համաձայնագրի ստորագրումից 10 օր առաջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում