Մեդվեդև. «Հայաստանի համար ամենասարսափելին նոր Ուկրաինայի վերածվելն է»
Կարդացեք նաև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոյի և հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և Մոսկվայի ու Երևանի հարաբերություններին: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ արտաքին որոշ ուժեր փորձում են պառակտում մտցնել տարածաշրջանի երկրների միջև։
Մեդվեդևը որպես օրինակ է բերել Վրաստանը, որին, նրա խոսքով, արևմտյան աշխարհը սկզբում առաջարկեց անդամակցել NATO-ին, ինչը հանգեցրեց հակամարտության, իսկ երկիրն այդպես էլ չդարձավ ալյանսի անդամ։ ՌԴ ԱԽ փոխնախագահի պնդմամբ՝ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը գիտակցում է այդ մոտեցման սխալ լինելը։
Անդրադառնալով Հայաստանին՝ Մեդվեդևը նշել է, որ այժմ փորձեր են արվում ամրության փորձության ենթարկելու հայ-ռուսական հարաբերությունները: Նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ փոխելու երկրի զարգացման վեկտորը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
«Ամենասարսափելին, ինչ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա՝ նոր Ուկրաինայի վերածվելն է»,- հայտարարել է ռուս պաշտոնյան՝ հավելելով, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում