«Պատրաստ եմ մենակ մեկնել Բաքու». Լիլիթ Գալստյանի սենսացիոն քայլը

«Պատրաստ եմ մենակ մեկնել Բաքու». Լիլիթ Գալստյանի սենսացիոն քայլը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու։ OSCE PA-ի աշնանային նստաշրջանին ընդառաջ Գալստյանը հրատապ մարդասիրական դիմում-նամակով դիմել է OSCE PA-ին՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։

«Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ OSCE PA-ի պաշտպանական սկզբունքներին»,- նշել է պատգամավորը։

Ստորև ներկայացնում ենք դիմում-նամակի ամբողջական տեքստը․

«30․09․2026

ՊՐՆ․ ՊԵՐԵ ԽՈԱՆ ՊՈՆՍ ՍԱՄՊԻԵՏՐՈ

OSCE PA-ի ՆԱԽԱԳԱՀ

ՊՐՆ․ ՌՈԲԵՐՏՈ ՄՈՆՏԵԼԼԱ

OSCE PA-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊՐՆ ԼՈՒԻՍ ՄԻԳԵԼ ԴԱ ԳՐԱՍԱ ՆՈՒՆԵՍ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ՊՐՆ ՄՊԱՆԶՈՒ ԲԱՄԵՆԳԱ

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂ

Հարգելի՛ պարոնայք,

Ձեզ եմ դիմում որպես OSCE PA-ում ՀՀ պատվիրակության անդամ և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական դիմումով։

Արդեն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում, փակ դռների ետևում տեղի են ունենում հայ ռազմագերիների և այլ հայազգի կալանավորված անձանց դատավարությունները։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված հատվածական տեղեկատվությունն, ինչպես նաև ընտանիքների հետ սահմանափակ հեռախոսազրույցները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում պահվող հայ պատանդառված անձանց ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ։

Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ միջազգային մարդասիրական այց չի թույլատրվել։ Արդեն մեկ տարի է կալանավորված անձանց մոտ արգելված է նաև ICRC-ի այցը։ Ողջ ընթացքում հայ ռազմագերիներին և պատանդներին այցելելու հնարավորություն չի ունեցել նաև միջազգային որևէ դիտորդական մարմին կամ երրորդ չեզոք կողմ։

Այս իրավիճակն անմիջականորեն առնչվում է OSCE PA-ի՝ մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության և մարդասիրական սկզբունքների պաշտպանությանն ուղղված կանոնադրական պարտավորություններին։

Այս առնչությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել OSCE PA-ի 2025 թ․ Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ կետերի վրա, որոնցով կոչ է արվում OSCE PA-ին մշակել ազատությունից զրկված անձանց դեպքերի դիտարկման և դրանց վերաբերյալ բարձրաձայնման շրջանակ, այդ թվում՝ նրանց պաշտոնական այցելությունների և նրանց վիճակի ստուգման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի միջոցով։

209-րդ կետը մասնավորապես կոչ է անում ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանությունը և ընդգծում է ռազմագերիների և այլ կալանավորված անձանց նկատմամբ արդար և մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։

Կարծում եմ, որ OSCE PA-ի պատգամավորներից կազմված մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ այս հանձնառությունների կոնկրետ և նշանակալի դրսևորումը։

Ըստ այդմ, խնդրում եմ աջակցել և նպաստել նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանավորված անձանց հետ հանդիպելու և նրանց հումանիտար ու մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու նպատակով։

Այս առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված OSCE PA-ի սկզբունքներին։

ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԱԵՎ ԱՆՁԱՄԲ ԵՎ ՄԵՆԱԿ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ։

Չափազանց կարևոր է ընդգծել, որ սա քաղաքական նախաձեռնություն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է վստահության ձևավորման և իրական խաղաղության գործընթացի ուղղությամբ կարևոր ու կոնկրետ քայլ դիտարկվել։

Հետևաբար, խնդրում եմ, որ այցը կազմակերպվի որպես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անվտանգության ապահովման հրատապ անհրաժեշտություն։

Միաժամանակ ակնկալում եմ Ձեր անձնական ներգրավվածությունն ու աջակցությունը՝ առաքելության անդամների համար անվտանգ մուտքի, անվտանգության ապահովման և վերադարձի անհրաժեշտ երաշխիքների ձեռքբերման գործում։

Նախապես շնորհակալություն Ձեր արագ արձագանքի և դրա իրականացմանն ուղղված բոլոր ջանքերի համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում