Ուսանողական ցույցեր Բելգիայում և Ֆրանսիայում. Լիեժում 107 մարդ է բերման ենթարկվել

Ուսանողական ցույցեր Բելգիայում և Ֆրանսիայում. Լիեժում 107 մարդ է բերման ենթարկվել

Բելգիայում և Ֆրանսիայում թեժանում են ուսանողական բողոքի ակցիաները՝ ընդդեմ կրթական համակարգում առկա խնդիրների ու ֆինանսավորման կրճատումների։ Բելգիական Լիեժ քաղաքում իրավապահները բերման են ենթարկել 107 ուսանողի, որոնք դուրս էին եկել փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու երկրի կրթական քաղաքականությունից։

Ցույցերի ընթացքում որոշ մասնակիցներ հրկիզել են քաղաքային գույքը։ Բողոքի ալիքն ընդգրկել է նաև բելգիական այլ քաղաքներ․ Բրյուսելում շուրջ 250 երիտասարդներ երթ են իրականացրել Կենտրոնական կայարանից։ Ուսանողներն ու դպրոցականները արդեն մի քանի օր է, ինչ բողոքում են ուսման վարձերի բարձրացումից, գերբեռնված դասացուցակներից և լսարանների գերծանրաբեռնվածությունից։

Միևնույն ժամանակ, նմանատիպ զանգվածային ցույցեր են ընթանում նաև Ֆրանսիայում, որտեղ դեռ սեպտեմբերից սկսված բողոքի ալիքի հիմնական պատճառը կրթության ոլորտի խրոնիկ անբավարար ֆինանսավորումն է։ Ֆրանսիայի ազգային կրթության նախարարության տվյալներով՝ 459 ուսումնական հաստատություններում դասերը լրիվ կամ մասնակի չեղարկվել են։ Ֆրանսիական կրթական հանրույթն ու արհմիությունները պատրաստվում են համահամայնքային գործադուլների և ցույցերի՝ ի աջակցություն բողոքող ուսանողների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում