284,4 միլիոն դոլարի համաձայնագիր ՎԶՄԲ-ի հետ․ բնակարանային աջակցություն տեղահանված 109,000 անձի

284,4 միլիոն դոլարի համաձայնագիր ՎԶՄԲ-ի հետ․ բնակարանային աջակցություն տեղահանված 109,000 անձի

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ստորագրվել են 284,4 միլիոն դոլար ընդհանուր ծավալով ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրեր։ Փաստաթղթերն ուղղված են «Հայաստանում բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացում» ծրագրի իրականացմանը։ Ազգային ժողովի նիստում համապատասխան ֆինանսավորման համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ այս մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։

Փոխնախարարի ներկայացմամբ՝ նախատեսվող լայնածավալ նախագիծը կրում է ռազմավարական բնույթ և նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց համար պատշաճ բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը։ Ծրագրի առանցքային ուղղություններից են նաև տեղական հիփոթեքային շուկայի զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև պետական բնակարանային երկարաժամկետ քաղաքականության հիմքերի ամրապնդումը։ Նախատեսված ֆինանսական միջոցների հատկացումն իրականացվելու է փուլային տարբերակով։

Այս նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրին։ Ներկայումս նշված պետական աջակցության շրջանակում հավաստագիր է ստացել արդեն 6,125 ընտանիք, իսկ պետական բյուջեից փաստացի հատկացված և վճարված գումարի ծավալն անցնում է 6 միլիարդ դրամը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում