Օգոստոսի 13-19-ը Ծաղկաձորում կանցկացվի ”Բազե” համահայկական երիտասարդական հավաքը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը օգոստոսի 13-19-ը Ծաղկաձորում կանցկացնի ”Բազե” համահայկական երիտասարդական հավաքը:
Հավաքին կմասնակցեն ՀՀ տարբեր մարզերից, Ջավախքից, սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից 42 ջոկատներ’ յուրաքանչյուրում 18-30 տարեկան յոթ մասնակից: Մասնակիցները, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Հավաքի մարզական ծրագրում նախատեսված են սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, ֆուտբոլ, լող, ազգային խաղեր մրցաձևերը։ Մշակութային հատվածում երիտասարդները կմրցեն երգ, պար, նորաձևություն, նկարչություն մրցույթներում։ Կանցկացվեն նաև ”Բրեյն ռինգ” և ”Բազե-բանալի” ինտելեկտուալ խաղերը։
Այս տարի ”Բազե” երիտասարդական հավաքին ավելացել է բուհերի ջոկատների թիվը։ Առաջին անգամ ջոկատներ կընդգրկվեն նաև մարզերում գործող բուհերից, ինչպես նաև՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից։
Նշենք, որ այս տարին ”Բազեի” համար խորհրդանշական է, քանի որ լրանում է հավաքի տասնամյակը։ 10 տարիների ընթացքում հավաքին մասնակցել է շուրջ 8000 երիտասարդ։ Հոբելյանական հավաքին նախատեսված է տոնական ծրագիր, կլինեն հանդիպումներ հին բազեականների հետ: Կցուցադրվի 10-ամյա ”Բազեի” տարեգրությունը ներկայացնող ֆիլմ

Հետևեք մեզ նաև Telegram-ում