Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթ Ջավախքում

Նմանատիպ
Ջավախքում գործող «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պահանջատիրական արշավ է տեղի ունեցել Ախալքալաքից դեպի Վաչիան գյուղի բարձունքներից մեկի վրա գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ մատուռը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ախալցխայի տեղեկատվական կայքը, արշավը մեկնարկել է Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցուց, որտեղ երիտասարդական միության անդամները Տեր Տաթև Մարուքյանի հետ աղոթել են Ցեղասպանության զոհերի ոգիների հանգստյան համար, ապա ուղևորվել Ախալքալաքի քաղաքային խորհրդի շենք, որտեղ քաղաքային խորհրդի նախագահ Համլետ Մովսիսյանին, շրջանի ղեկավար Էդուարդ Աղասարյանին և Ախալքալաքից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանին փոխանցել են հետևյալ բովանդակությամբ դիմում նամակներ.
«Մենք` Սամցխե–Ջավախք և Քվեմո Քարթլի տարածաշրջաններում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր և մեր կազմակերպությունների անդամների անունից խնդրում և պահանջում ենք, որ Ձեր հնարավորությունների սահմաններում հետամուտ լինեք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարչությունը և Ժողովը որոշեն ապրիլի 24-ն ընդունել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ապրիլի 24-ը սահմանեն ոչ աշխատանքային օր, թույլ տրվի առաջիկայում կազմակերպել և անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման և ոգ եկոչման նպատակով միջոցառումներ և երթեր: Հայոց ցեղասպանության և հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակով` պահանջները ներկայացվեն նաև Վրաստանի խորհրդարան»,- ասված է նամակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում