Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանը ներգրավվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում

Օգոստոսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալոիս Կրաուտին (նստավայրը՝ Վիեննա)՝ հավատարմագրերի պատճենի հանձման կապակցությամբ:

Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն:

Դեսպան Կրաուտը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-ավստրիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի բարձրացման համար:

Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը նշեց, որ հունիսին կայացած Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցը և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպմանը գոհունակությամբ նշվեց, որ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանը ներգրավվել է համագործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում, և առաջիկայում մի շարք ծրագրեր են նախատեսված իրականացման համար:

Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխգործակցության գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում