Եմենում մարդասիրական օգնության կարիք ունի բնակչության 80 տոկոսը
Նմանատիպ
ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը, տեղեկացրել է, որ Եմենի բնակչության 80 տոկոսը` ավելի քան 20 միլիոն բնակիչ մարդասիրական օգնության կարիք ունեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օգնության կարիք ունեցողների թիվն Եմենում ավելացել է մի քանի միլիոնով նախորդ շաբաթվա ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած զեկույցից հետո: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նշել է, որ 20,4 միլիոն մարդ այժմ մարդասիրական օգնության կարիք ունի, որոնցից 9,3 միլիոնը երեխաներ են: Տեղեկություններ կան, որ բնակիչները զրկված են խմելու ջրից:
Եմենի հակամարտության սկզբում ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղեկացրել էր, որ օգնության կարիք ունեն շուրջ 10-ը միլիոն մարդ:
Սաուդյան Արաբիան կեսգիշերին ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանան, ինչի հետևանքով տասնյակ զոհեր են գրանցվել: Բախումներ են ընթանում եմենա-սաուդական սահմանին:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական դաշինքը 11 շաբաթ ռմբակոծում է Եմենում շիա ապստամբների` հոուսիների դիրքերը:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում